Այս օրերին Հայաստանում էր Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գօչունեանը: Առիթը «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր Միսաք Գօչունեանի «Կրակին մէջէն» վեպի շնորհանդեսն էր հայրենիքում, ինչպես նաեւ «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանը: Միսաք Գօչունեանի ծոռը՝ Արան, նշում է, որ չնայած օրաթերթի 100-ամյակը լրացել է 2008-ին, բայց Հայաստանում նշելը կարեւոր է:
Փաստենք, որ «Ժամանակը» հիմնադրման պահին ունեցել է 15.000 տպաքանակ, այժմ լույս է տեսնում 1500 օրինակով:
Գիրքը խմբագրել է «Ժամանակ» օրաթերթի աշխատակից Սեւան Տէյիրմէնճեանը: Ըստ նրա, «Կրակին մէջէն» վեպն առանձնանում է նրանով, որ պատմական դեպքերն առաջին անգամ ներկայացվում են գեղարվեստորեն: Ըստ Ա. Գօչունեանի. «Հոբելյանական միջոցառումները սկսելուց առաջ խմբագրակազմով որոշել էինք թերթի հիմնադրի գործերը վերահրատարակել: Հաշվի առնելով, որ խմբագրակազմում էր Ստամբուլից ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Սեւան Տէյիրմէնճեանը, հասկացանք, որ գրքի հրատարակման գիտակամ մասն ապահոված էր եւ նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար բոլոր հնարավորությունները՝ առկա: Հրատարակել ենք Միսաք Գօչունեանի՝ գրական ծածկանունով՝ Քասիմի «Կյանքի տեսարաններ» գիրքը, որը Թիֆլիսում լույս տեսած մի գործի վերահրատարակությունն էր: Գիտակցելով, որ գիրքը մեր կյանքում ընդունվում է որպես մշտական արժեք, ցանկացանք այս հոբելյանի տրամադրությունը կրկնապատկելու համար հայրենիքի գրչակից ընկերների հետ էլ կիսել Քասիմի գործերը, ու հրատարակեցինք «Կրակին մէջէնը»:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս՝ Թեքեյան մշակութային կենտրոնում: