Հակոբ Հակոբյանի արվեստի եւ նորաբաց ցուցահանդեսի մասին
Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսը:
Հակոբ Հակոբյանը ծնվել է Եգիպտոսում՝ 1923 թվականին, կրթությունն ստացել Փարիզում, 40 տարեկանից հաստատվել է Հայաստանում:
Ինչպես նա է նշում՝ Հայաստանում ապրելու տարիներին հայկական բնության հանդեպ յուրօրինակ սեր է հայտնաբերել, որն էլ առիթ է հանդիսացել «Հողեղեն գույների երգը» նկարների շարքի ստեղծմանը:
Ներկայացված էին հեղինակի 28 գեղանկար եւ 10 քանդակ: Հ. Հակոբյանը նշեց, որ ի սկզբանե ինքը զբաղվել է միայն նկարչությամբ եւ վերջին տարիներին է սկսել նաեւ քանդակել: «Հողեղեն գույների երգը» նկարչի բազմամյա ստեղծագործական ուղու ներկայացումն է: Նկարների թեման սերն է. դրամատիկ հույզերով հագեցած կտավների մթնոլորտն ընկալվում է իբրեւ արվեստագետի ընդվզում՝ անազատ, ծանրաշունչ ժամանակի դեմ: Նա հատկապես առանձնացնում է իր վերջին շրջանի կտավները, նշելով, որ դրանք սիմվոլիկայի դերի ընդգծմամբ խոհափիլիսոփայական բնույթ ունեն:
Նկարիչը «Հողեղեն գույների երգը» հավաքածուում առանձին շարքով ներկայացնում է «Սիրահարների պարտեզ» նկարների շարքը, որտեղ սիրո աշխարհ է ընդգրկում մարդկության հեռավոր անցյալն ու այն ձուլում է ներկա սերնդին համակած ազատ կենսակերպին, այսինքն՝ նկարաշարի մեծ մասի սյուժեներում հունական անտիկ քանդակների, մանեքենների, գործիքների կամ զգեստների միջոցով նկարիչը ներկայացրել է երիտասարդ սերնդի ազատ սիրելու դրսեւորումները՝ համբուրվող զույգեր, գրկախառնություններ, մինչեւ անգամ բաց տեսարաններ՝ բնության գրկում, մարդաշատ վայրերում:
Ցուցանմուշները, բացի թեմայի յուրօրինակությունից, առանձնանում էին նաեւ գունային ընտրությամբ: «Այնքան շատ գույն կա աշխարհի վրա, գույնի ընտրությունն արվեստագետի հոգեվիճակով է պայմանավորված: Եթե հասկանայի յուրաքանչյուր գույնի նշանակությունը, այդ դեպքում ընտրություն կանեի: Թեեւ գնահատում եմ վառ եւ բազմազան գույներով կտավին շունչ տվողներին, սակայն ինձ հողանկարիչ եմ համարում եւ շատ քիչ գույներով եմ խոսում»,- ասում է արվեստագետը:
Նկարիչը մի գործ էլ նվիրել էր Հրանտ Դինքի հիշատակին: Այն պատկերում էր մի խումբ մարդկանց ոտքեր, դրանց տակ սպիտակ աղավնի էր, մի քանի քայլ այն կողմ էլ՝ սեւ կատու:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հ. Հակոբյանի մասին ասաց. «Հայ ժողովրդի գեղարվեստի պատմության մեջ Հակոբ Հակոբյանը մեծ դեր ունի»: Հետաքրքրվեցինք, ինչպե՞ս է վարչապետը գնահատում նկարչի՝ սիրո թեմայով աշխատանքները: «Դրանք շատ գեղեցիկ են: Եթե Սիրահարների այգում շրջեք, նկարչի կտավներից մի քանիսը գուցե այնտեղ գտնեք: Շաբաթ երեկոյան այցելել էի այգի, ազատ նստարան չկար, մեծամասամբ երիտասարդ զույգեր էին եւ բոլորը համբուրվում էին: Դա քաղաքին գույն է տալիս»:
Ֆրեզնոյից ժամանած գեղանկարիչ Ռաֆիկ Աթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հ. Հակոբյանին երկար տարիներ է ճանաչում. «Այս գործերի 70 տոկոսը չէի տեսել, բայց ինձ համար Հակոբի ձեռագիրը նորություն չէ»:
ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի բնութագրմամբ էլ՝ «Յուրաքանչյուր հայ մարդ Հակոբ Հակոբյան ունենալու համար պետք է հպարտություն ապրի: Ես նրան որակում եմ իբրեւ մեր ժամանակների ամենամեծ նկարիչը»: