Խորեոգրաֆիայի պետական թատրոնը վերջապես «պտուղ կտա»
Մոտ մեկ տարի առաջ «Առավոտն» անդրադարձավ Խորեոգրաֆիայի պետական թատրոնին՝ նրա տնօրեն Գայանե Կարապետյանից տեղեկանալով, որ ընթանում են տարածքի հիմնանորոգման աշխատանքները եւ շուտով շատերին անհայտ այս թատրոնը հանդիսատեսին կներկայանա նոր բեմադրությամբ: Ժամանակին տնօրենը հավաստիացնում էր, որ բեմադրության է պատրաստվում Ռ. Քիփլինգի «Մաուգլին»՝ իբրեւ պարային դրամատիկական կոմպոզիցիա, մինչդեռ առայսօր այն չկա:
1996թ. հիմնված թատրոնը այդպես էլ չկարողացավ տեղ զբաղեցնել, դեմք ու դիմագիծ ձեւավորել հայաստանյան թատերական կյանքում, չնայած որպես գեղարվեստական ղեկավար ունի ՌԴ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի նման ականավոր բալետմայստեր: Նրա եւ թատրոնի միջեւ ստեղծագործական համագործակցությունը, գոնե վերջին շրջանում, խաթարված է՝ անվանի արվեստագետի առողջական խնդիրների պատճառով:
Նման թատրոն մեզ հարկավոր է, այն պետք է լինի նոր ձեւերի ու նոր արտահայտչականության փորձավայր: Ավելին, պարարվեստի որոշ ճանաչված գործիչներ գտնում են, որ Խորեոգրաֆիայի թատրոնը պիտի նպաստի, որ հանդիսատեսը նախապատրաստվի Ազգային օպերային թատրոնում բալետային ներկայացումներ դիտելուն եւ «մարսելուն»:
Կապվեցինք Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի հետ: Նա առանց մանրամասնելու հայտնեց, որ «Մաուգլիի» պրեմիերան տեղափոխված է աշնանը, իսկ մայիսի 25-ին հրավիրեց Բայրոնի 5 հասցեում գտնվող թատրոնում կայանալիք «Միջնադարյան պատկերներ» ներկայացման պրեմիերային, որի լիբրետիստն ու բեմադրիչն է Ռիմա Պիպոյանը: «Բեմադրությունն իրականացվել է կոմիտասյան մշակումներով եւ Ավետ Տերտերյանի երաժշտությամբ: Մեր նպատակն է մատաղ սերնդին, երիտասարդությանը ծանոթացնել մեր հոգեւոր երաժշտությանն ու մանրանկարչությանը, ինչի վրա էլ հենց «կառուցված» է ներկայացումը»,- նշեց Գ. Կարապետյանը:
Դիտարկմանը, թե 2010թ. աշնանն ավարտված թատրոնի վերանորոգումից հետո, փաստորեն, 9 ամիս պահանջվեց 16 հաստիքային պարողներով 1 ներկայացում ավարտին հասցնելու համար, թատրոնի տնօրենը նախ հայտնեց, որ բեմադրության համար, բացի հաստիքային արտիստներից, հրավիրված են նաեւ այլ պարողներ, հետո էլ մանրամասնեց պրեմիերայի ձգձգման պատճառը: Նրա խոսքերով՝ անցյալ տարվա աշնանը ջեռուցման խողովակները փորձարկելու ժամանակ վթար տեղի ունեցավ, ինչը վերացնելու համար տեւական ժամանակ էր հարկավոր: Փաստաթղթերով թատրոնը, որ գտնվում է Երեւանի պարարվեստի պետական քոլեջի նկուղային հարկում, եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը «նստած» են Երեւանի պարարվեստի պետական քոլեջի հաշվեկշռում եւ, մեզ հասած տեղեկություններով, մոտ ժամանակներս ՀՀ վարչապետի որոշումով երկու կրթօջախն ու թատրոնը կառանձնանան՝ դառնալով առանձին միավորներ: