Հաագայում միջազգային քրեական դատարանի դատախազը Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, նրա որդուն՝ Սաիֆ ալ- Իսլամին, նաեւ այդ երկրի հետախուզության ղեկավար Աբդուլլա Սանուսին կալանավորելու թույլտվություն է խնդրել: BBC-ի փոխանցմամբ, Լուիս Մորենո-Օկամպոն (նկարում) հայտարարել է, թե համաձայն առկա ապացույցների, Լիբիայի զինված ուժերը մեղավոր են խաղաղ բնակչության նկատմամբ «սիստեմատիկ եւ լայնամասշտաբ» հարձակումներ գործելու մեջ:
Լիբիայի կառավարությունն արդեն կարծիք է հայտնել, թե Միջազգային դատարանի աշխատանքը լուրջ կասկածներ է առաջացնում: Լիբիայի ԱԳ նախարարի տեղակալ Խալիդ Քաիմն ասել է, թե դատարանը «Եվրոպայի միության ծնունդն է, որի սլաքն ուղղված է աֆրիկյան քաղաքական գործիչների ու առաջնորդների դեմ»:
Լիբիան, ինչպես նաեւ աֆրիկյան երկրների մեծամասնությունը, չեն ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, եւ, փոխնախարարի ասելով, ուշադրություն չի դարձնելու Հաագայի որեւէ հայտարարության վրա:
Լուիս Մորենո-Օկամպոյի ներկայացուցչի ասելով, ինքն անձամբ հանդիպել է Լիբիայում հակամարտության 50 վկաների հետ, ուսումնասիրել է ավելի քան 1200 փաստաթուղթ: Երկուշաբթի օրը նա դիմել է դատարանի նախնական քննության պալատին՝ լիբիացի երեք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կալանավորելու թույլտվություն ստանալու համար:
Լիբիացի գործիչները մեղադրվում են մարդկության դեմ հանցագործության՝ սպանությունների եւ հետապնդումների մեջ: Մեղադրանքները վերաբերում են փետրվարի 15-ից սկսված հակակառավարական զանգվածային անկարգությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին:
Հաագայի դատարանի դատախազի ներկայացուցիչների հայտարարության մեջ ասված է, որ ցուցմունքերը վկայում են, որ Լիբիայի անվտանգության ուժերը քաղաքացիական բնակչության դեմ իրականացրել են լայնամասշտաբ ու համակարգված հարձակումներ, եւ թե ովքեր են կրում այդ հանցագործությունների համար պատասխանատվությունը:
Հունիսի 7-ին հրապարակվելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովի զեկույցը, որը վերաբերում է Լիբիայում ռազմական հնարավոր հանցագործություններին: