Փարիզում ցնցված են՝ քաղաքական վերնախավը, հասարակությունը, մամուլը ակտիվորեն քննարկում են համաշխարհային ֆինանսական մայրաքաղաք Նյու Յորքից ստացված լուրն այն մասին, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար, 62-ամյա Դոմինիկ Ստրոս-Կանը Նյու Յորքի «Սոֆիտել» հյուրանոցում փորձել է բռնաբարել շքեղ համարը մաքրող 32-ամյա կնոջը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Դոմինիկ Ստրոս-Կանի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալը հերքում է Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեղադրանքը: «Նա մտադիր է վճռական կերպով պնդել իր անմեղությունը, ասում է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել»,- կիրակի օրը ասել է փաստաբան Բրաֆմանը: Ավելին, նրանք հաղորդել են, որ Ստրոս-Կանն անհերքելի ալիբի ունի. հանցագործության ենթադրյալ պահին նա եղել է ռեստորանում՝ իր դստեր հետ:
Սպասուհին, որի անունը չի հաղորդվում, ասել է, որ Ստրոս-Կանը մերկ վիճակում դուրս է եկել լողասենյակից եւ հարձակվել է իր վրա, կինը մի պահ կարողացել է ազատվել, փորձել է դուրս վազել համարից, սակայն ԱՄՀ-ի ղեկավարը նրան նորից բռնել է եւ քարշ տալով մտցրել լողարան, որտեղ կրկին փորձել է իր ուզածն անել: Կինն անմիջապես տեղյակ է պահել հյուրանոցի անվտանգության ծառայությանը, որը եւ ոստիկանություն է դիմել: Դոմինիկ Ստրոս-Կանն արագ լքել է հյուրանոցը՝ այնտեղ թողնելով բջջային հեռախոսը է մոռացել սենյակում, փորձել է հեռանալ Նյու Յորքից։ Օդանավակայանից նա զանգել է հյուրանոց եւ հարցրել իր հեռախոսի մասին, այդպես ոստիկանները պարզել են նրա գտնվելու վայրն ու ձերբակալել այն պահին, երբ Փարիզ ուղեւորվող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր օդ բարձրանալ: Հյուրանոցի սպասուհին թեթեւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժօգնություն է ստացել, իսկ Ստրոս-Կանին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:
Նախքան այս միջադեպը՝ ենթադրվում էր, որ սոցիալիստ Դոմինիկ Ստրոս-Կանը, որը 2007 թվականից գլխավորում է ԱՄՀ-ն, կառաջադրվի Ֆրանսիայում 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: «Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը բխում է այն սկզբունքից, որ հարկ է հարգել իրավական ընթացակարգը, որն իրականացնում է ամերիկյան դատարանը, եւ հարկ է հարգել նաեւ անմեղության կանխավարկածի պահանջը: Ուստի, մենք որեւէ մեկնաբանություն այս պարագայում չենք կարող ներկայացնել»,- ասել է Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախարար եւ կառավարության պաշտոնական խոսնակ Ֆրանսուա Բարուենը:
Երեկ Մանհեթենի քրեական դատարանը պետք է քններ հայցը եւ Ստրոս-Կանին մեղադրանք ներկայացնելու ու խափանման միջոցն ընտրելու որոշում կայացներ:
Ավելի ուշ լրատվամիջոցները, հաղորդեցին, որ ԱՄՀ ղեկավարի հանդեպ նմանատիպ մեղադրանք է առաջ քաշել նաեւ ֆրանսուհի լրագրող Տրիստան Բանենը՝ հայտարարելով, որ Ստրոս-Կանը իր հանդեպ սեռական ոտնձգություն է արել ինը տարի առաջ՝ 2002-ին: