Ապրիլի 19-ին «Առավոտի» մարզային լրագրող Նելլի Դավթյանն ավետել էր, որ Լոռու մարզի Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ուր նշվել է Հովնան Օձնեցի կաթողիկոսի 1283-րդ տարելիցը՝ մահվան օրը, զանգակատան զանգերն են դրվել:
1930 թվականից եկեղեցում զանգեր չէին հնչել: Ռուսաստանից բերված 90 եւ 140 կիլոգրամանոց զանգերը կախվեցին եկեղեցու զանգակատանը, իսկ Լոռվա թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանն էլ օրհնեց այն: Զանգակատան զանգերի խնդրով, ինչպես մեզ տեղեկացրեց եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Վրթանեսը, 2 ամիս առաջ նախապես դիմել էին Հայաստանի մշակույթի նախարարությանը: «Նախարարությունն ուշացումով, առանց մասնագետ ուղարկելու, մերժել է զանգերի տեղադրումը, երբ այն արդեն իր արժանի տեղն էր զբաղեցրել», մեզ հետ նախորդ օրը հեռախոսային զրույցի ժամանակ ասաց տեր Վրթանեսը:
Մայիսի 14-ին զանգերը վերջին անգամ ղողանջեցին ու կրկին հանվեցին եկեղեցուց՝ նախարարության որոշմամբ: