Պատասխան Ս. Մանուկյանի «Ապակողմնորոշող հարցաշար» վերնագրով «Առավոտի» ապրիլի 23-ի հրապարակմանը
Ս. Մանուկյանը հրապարակայնորեն քննադատում է տնօրենների հավաստագիր ստանալու համար նախատեսված հարցաշարի մանկավարժական բաժինը, իր խոսքերով՝ «գործին անտեղյակ մասնագետների» միջոցով այն կազմելու համար: Եվ գործին տեղյակ մասնագետ համարում է մասնավորապես իրեն, դժգոհելով, որ հարցարան կազմողները չեն օգտվել իր «Մանկավարժական եւ աշակերտական դասանպատակներ» մենագրությունից:
Հարգելի պարոն Մանուկյան, մի՞թե մասնագիտական բարդ ու նրբին հարցերը լուծում են հրապարակախոսական ոճով. պահանջել դադարեցնել հարցաշարի օգտագործումը, այն մշակող մարդկանց անվանել ոչ պրոֆեսիոնալներ՝ ընդամենը այն բանի համար, որ հարցաշարի շուրջ յոթ տասնյակ հարցերից չորսում ինչ-որ թերություններ եք նկատել: Ես միշտ նկատել ու գնահատել եմ Ձեր մանկավարժական գիտելիքների հարուստ պաշարը, Ձեր ինքնատիպ մտածելակերպը, հեղինակություններին հակադրվելու Ձեր համարձակությունը: Ինչպե՞ս եղավ, որ այսպիսի մի չնչին հարց, որ կարելի էր լուծել տեղում, եւ առավել արդյունավետ՝ ընտրեցիք բողոքի, մտավորականին անհարիր ձեւը:
Փիլիսոփայական, հոգեբանական եւ մանկավարժական գիտություններում միեւնույն երեւույթի մասին տեսակետների բազմազանության առկայությունը ավելի շատ նորմա է, քան բացառություն: Այսպես, ուսուցման էության մասին կա մեկ տասնյակ սահմանում, ուսուցման մեթոդի, ուսուցման կազմակերպական ձեւի, դասատիպերի դասակարգման մասին շրջանառվող մոտեցումներն ավելի շատ են: Այս պարագայում հարցաշարը մշակող խումբը, կարծում եմ, գտել է լավագույն լուծումը. հարցերի պատասխանները ընտրել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից մանկավարժական բուհերի ուսանողների համար որպես դասագիրք հաստատված Գ. Ղույումչյանի «Մանկավարժություն, հ. 1 եւ հ. 2» մենագրություններից: Եվ այդ դասագրքերն էլ բերված են հարցաշարի անհրաժեշտ գրականության ցանկում:
Այժմ անդրադառնամ Ձեր դիտողություններին:
«Մի՞թե մեթոդը գործունեություն է»՝ զարմանում եք դուք: Ճիշտ է, որ մեթոդը գործունեության եղանակ է, կանոնների, հնարների խումբ, նպատակասլաց գործողությունների շարք: Բայց հենց այն պատճառով, որ այն որոշակի գործողությունների հաջորդական շարք է՝ միտված որոշակի նպատակի, ուրեմն կարելի է ասել՝ նաեւ գործունեություն է: Այդպիսի սահմանում բերված է Գ. Ղույումչյանի դասագրքում: Եվ այն օդից չի վերցված: Դեռ խորհրդային ժամանակների փիլիսոփայական բառարանում մեթոդը սահմանված է որպես «նպատակին հասնելու եղանակ, որոշակի ձեւով կարգավորված գործունեություն» (Փիլիսոփայական բառարան, Մ. Ռոզենտալի խմբ., Երեւան,1975, էջ 283): Այդպես են գրում նաեւ հիմա. «Ուսուցման մեթոդը ուսուցման նպատակների իրականացմանն ուղղված մանկավարժի եւ սովորողների փոխկապակցված ու փոխպայմանավորված գործունեության եղանակ է կամ այլ կերպ՝ ուսումնական խնդիրների լուծմանը միտված, սովորողների իմացական եւ պրակտիկ գործունեությունը կազմակերպող մանկավարժի նպատակաուղղված գործողությունների համակարգ» (В.И. Загвязинский. Теория обучения. Современная интерпретация.М. 2001. с. 68):
Բավարարվեմ եւս երկու աղբյուր վկայակոչելով. «О. Гребенюк и др. , Общие основы педагогики. Владос, 2004″ “Харламов И., Педагогика, краткий курс. С. 109 »: Մյուս երեք հարցերի Ձեր «քննադատությունը» մասամբ պայմանավորված է մի ցավալի սխալով. «ուսուցում» ասելով դուք հասկանում եք միայն դասավանդում: Մինչդեռ ուսուցումը մանկավարժության մեջ սահմանվում է որպես ուսուցչի դասավանդման եւ սովորողի ուսումնառության միասնություն: Եվ ուսուցման մեթոդներն էլ, բնականաբար, դիտվում են որպես դասավանդման եւ ուսումնառության մեթոդների միասնություն:
Դուք առարկելի եք համարում «դասի ընթացքում կիրառվող մեթոդի ընտրությունը պայմանավորված է դասի նպատակով» պնդումը, քանի որ իբր հասկանալի չէ թե ում նպատակն է դա՝ մանկավարժի՞նը, թե՞ ուսումնառողինը: Դասը կազմակերպում եւ վարում է ուսուցիչը, ուրեմն դասի նպատակը միայն ուսուցչինն է: Անգամ, եթե սովորողներն էլ տվյալ դասին նպատակ են դնում, ապա միայն ուսուցչի գիտակցական ու նպատակասլաց ազդեցության միջոցով: Այս հարցերը եւս լավագույնս ներկայացված են բազմաթիվ մանկավարժական գրքերում, այդ թվում նաեւ՝ Գ. Ղույումչյանի հիշյալ դասագրքում: Դուք հարց եք բարձրացնում. «Մի՞թե ուսուցման մեջ ընդգրկված աշակերտը գիտակցություն չունի, որ ուսուցումը պետք է ձեւավորի դա: Կամ, մի՞թե ֆիզիկական կուլտուրայի դասերը միայն գիտակցություն են ձեւավորում»: Բացի այն, որ Ձեր հոդվածում ուսուցումը նույնացրել եք դասավանդման հետ, այժմ էլ դասն եք նույնացնում ուսուցման հետ. Ձեր նշած ֆիզիկական կուլտուրայի դասերը լուծում են թե՛ ուսուցման, թե՛ նեղ իմաստով դաստիարակության, թե՛ զարգացման խնդիրներ: Ունի՞, արդյոք, ասենք, տարրական դպրոցի սովորողը էկոլոգիական, բարոյական կամ իրավական գիտակցություն: Խոսքն այս մասին է եւ ոչ թե նրա ուղեղ ունենալու կամ չունենալու մասին:
Դուք գրում եք. «…Ի՞նչ է նշանակում ուսուցչին համարել ուսուցմանն աջակցող: Չէ՞ որ ինքն է կազմակերպում եւ կառավարում այդ գործընթացը: Ստացվում է, թե ինչ-որ մեկն է դա իրականացնում, իսկ ուսուցիչն էլ աջակցում է նրան, որը չի համապատասխանում իրականությանը»: Դուք ուսուցումը կրկին նույնացնում եք դասավանդման հետ: Եթե ընդունեք, որ ուսուցումը նաեւ աշակերտի ուսումնական գործունեությունն է, ամեն ինչ իր տեղը կընկնի. ուսուցիչն աջակցում է սովորողին:
Ս. ԳԱԼՈՅԱՆ
ԿԱԻ մանկավարժության
գիտահետազոտական բաժնի վարիչ,
հարցաշարը կազմող խմբի անդամ