Կամ մեծ տրավմայից՝ մինչեւ հասարակական գիտակցություն
Վերջերս Հայաստանում էր Ստամբուլի «Ակոս» թերթի թղթակից Մարալ Դինքը, ով Հրանտ Դինքի եղբոր դուստրն է: Նա նշեց, որ Երեւան է ժամանել թուրք գրողներ Այշե Գյուլ Ալթընայի եւ Ֆեթհիյե Չեթինի «Թոռներ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի եւ Աթթիլա Դուրաքի լուսանկարչական ցուցահանդեսի առիթով: Ասում է, որ 3-րդ անգամ է Հայաստանում. առաջին անգամ 2003-ին հորեղբոր հետ 3 օր է անցկացրել, հետո 2006-ին է եկել՝ քրոջ եւ զարմիկի հետ: «Երբ վերադարձա, կարոտել սկսեցա, երբ կգաս, հետո կկարոտնաս, կապ կզգաս Երեւանի հետ: Հոս չեմ ծնած, բայց հարազատ է, կթվա, որ իմ երկիրս է, բոլոր մարդիկ իմ բարեկամներս են, ասանկ կզգամ»,-ժպտում է Մարալը:
Մեկնաբանելով «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում կարծրատիպերի փշրումը, ասում է, որ, օրինակ, 2 տարի է, ինչ ապրիլի 24-ին Թաքսիմ հրապարակում հանրային ցույցեր են տեղի ունենում: Ընդամենը մի 300 մարդ է հավաքվում, բայց դա էլ, ըստ մեր զրուցակցի, ահագին շարժ է, որովհետեւ այդ մասին մի 20 տարի առաջ մտածելն անգամ խենթություն էր. «2007-ին շատ փոփոխություն եղավ մարդոց մտածելակերպում, շատ գրողներ, մտավորականներ, եւ ոչ միայն անոք, նաեւ հասարակական գործիչներ, սկսան այս նյութի մասին խորհիլ, գրել, բաներ ասել, եւ անկե վերջը Թուրքիա եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ավելի սերտացան»: Նա օրինակներ է բերում. համագործակցում են հայ եւ թուրք կինոգործիչները, մտավորականները, սառույցը սկսել է շարժվել: «Երբ չորս տարի առաջ Հրանտ Դինքը սպանվեցավ, մեծ տրավմա եղավ բոլոր հայերու համար, բայց պետք է ըսել, որ հիմա փոփոխություն կա հասարակական գիտակցության մեջ: Ու կարեւոր է, որ փոխենք ամեն բան հոս՝ հայաստանցիները եւ հոն՝ թուրքիացիները»,- ասում է Մարալ Դինքը: Նաեւ վստահեցնում է, որ Հրանտ Դինքի մահից հետո «Ակոսը» չի փոխել իր գիծը. «Հրանտից հետո Էթիեն Մահճուպյանը եղավ, հիմա Ռոբեր Կոփթաշն եկավ… Հրանտը չկա, բայց ամենքս անկե վերջ եւ բոլոր լրագրողներս չենք ուզեր, որ միայն 19 հունվարներուն մեզի հիշեն: Հրանտ Դինքին ուղղությունը կշարունակենք, որ «Ակոսը» թե թուրքիացի հայերու եւ թե թուրքերու միջեւ կապող օղակ լինի»:
Մարալ Դինքը կարեւորում է նաեւ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխությունը: Հիշեցնենք, որ մրցանակը տրվում է խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց:
Մարալ Դինքին խնդրեցինք փոքր-ինչ ներկայացնել իրեն: Ասաց, որ մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ունի համալսարանական կրթություն, սակայն «Ակոս» հաճախ հյուրընկալվելը իրեն ստիպել է, որ ամեն ինչ մի կողմ թողնի ու զբաղվի լրագրությամբ: