Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մայիս 17,2011 00:00

Մոտ 2,5 հազարամյակ առաջ չինացի մտածող եւ փիլիսոփա Կոնֆուցիուսը, երբ նրան հարցրել են, թե ի՞նչ է անհրաժեշտ պետության ծաղկման համար, պատասխանել է, որ անհրաժեշտ է երեք բան.

\"\"

1, Շատ հաց: 2. Ուժեղ բանակ: 3. Ուղեղների համապատասխան վիճակ:
Վերջինը, անկասկած, անմիջականորեն պայմանավորված է կրթության (հանրակրթական եւ բարձրագույն) ժամանակակից մակարդակով:
Թե՛ կրթական համակարգի, թե՛ հասարակության գլոբալ զարգացման խնդիրների համակողմանի քննարկումն անմիջականորեն առնչվում է էթիկայի խնդիրներին: «Էթիկա» տերմինը ներմուծել է Արիստոտելը (ethos՝ թարգմանաբար նշանակում է սովորույթ, բնույթ): Եվ ապագայի այս կամ այն սցենարի ընտրությունն անմիջականորեն առնչվում է էթիկայի սկզբունքների հետ: Որպես էթիկայի սկզբունքներին հետեւելու վառ օրինակ՝ կարելի է բերել Ալեքսանդր Մակեդոնացուն: Մի ճակատամարտից առաջ, երբ զորաքանակով տասն անգամ գերազանցող հակառակորդին հաղթելու համար նրան գիշերային հարձակում են առաջարկում, վերջինս մերժում է այդօրինակ առաջարկները՝ պատասխանելով.
-Ես հաղթանակ չեմ գողանում:
Նա անբարոյական էր համարում նույնիսկ այդ միտքը՝ հարվածել քնած հակառակորդին եւ դրանով իսկ հեշտացնել սեփական հաղթանակը:
Կարելի է մեկ այլ օրինակ եւս բերել: Հիշենք թեկուզ՝ ինչպես էր Սասունցի Դավիթն զգուշացնում իր թշնամիներին՝
-Հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ գնաց:
Այսպիսով, հակառակորդին պարտության մատնելը դեռ բավարար հիմք չէ՝ այն լիարժեք հաղթանակ կոչելու համար, քանզի հաղթանակ հասկացությունը ենթադրում է նրա ազնվության եւ իսկության անհրաժեշտություն, իսկ դա արդեն նշանակում է, որ հաղթանակ տանելն ու այն գողանալը տարբեր բաներ են, չնայած երկուսն էլ նպատակ ունեն հակառակորդին պարտության հասցնել:
Վերաձեւակերպեք այս նկարագրությունը մեր նորօրյա իրականության ցանկացած ոլորտի համար ու գնահատեք զարտուղի ճանապարհների ընտրության հավանականությունը եւ կհասկանաք, որ այս առումով մենք ունենք անբարո հասարակություն: Սակայն մեղադրելուց եւ դատավճիռ կայացնելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ հասարակական մտածողության նման ձեւախախտման արմատները:
Չընդհանրացնելու համար կանգ առնենք կրթական համակարգի որոշ խնդիրների վրա, որոնց լուծմանը նպատակամղված մոտեցումները հիշեցնում են XVII դարի փիլիսոփայական ուղղություններից մեկը՝ Ֆրենսիս Բեկոնի կողմից զարգացվող էմպիրիզմը, համաձայն որի՝ բոլոր տեսակի գիտելիքներն առաջանում են միայն դիտումներից եւ փորձերից: Այս ուղղության ակնհայտ թույլ կողմն այն էր, որ այդպես էլ բաց էր մնում, թե որտեղից են առաջանում գիտական տեսությունները, հասկացություններն ու օրենքները:
Վերջին քսան տարիների ընթացքում կրթական համակարգում կատարվող բոլոր փոփոխությունները դասական իմաստով էմպիրիզմի վառ օրինակ են: Չկա նախադեպ, որ առաջարկվող յուրաքանչյուր կտրուկ փոփոխություն լայն քննարկման ենթարկվի շահագրգիռ կազմակերպություններում: Հանրակրթական դպրոցի բարեփոխման ծրագրի միայն մեկ քննարկում կազմակերպվեց՝ Երեւանի պետական համալսարանում, չափազանց խոսուն վերջաբանով: Բարձրացված ոչ մի սկզբունքային հարց չդրվեց հանրային քննարկման եւ առավել եւս չստացավ իր հիմնավորված մեկնաբանությունը: Իսկ ներկայացված հայեցակարգն ընդունվեց որպես հիմք:
Ակնհայտ է, ինչ-որ բան փոխելուց առաջ անհրաժեշտ է նախ այդ բանը հասկանալ: Սակայն, միայն հասկանալը քիչ է, անհրաժեշտ է նաեւ վերլուծել արտասահմանից ընդօրինակված այս կամ այն փոփոխության ներդրման առանձնահատկությունները մեր իրականությունում՝ հաշվի առնելով ազգային մենթալիտետը, բնավորության առանձնահատկությունները: Թե չէ՝ առանց վերլուծելու փոխում ենք ամեն ինչ, իսկ հետեւանքներն անմխիթար են: Տպավորությունն այնպիսին է, ասես փոխում ենք հանուն փոխելու՝ առանց հետեւանքների մասին մտածելու: Ներկայումս հասունացել է անհրաժեշտությունը լուրջ վերլուծելու քսանամյա բոլոր նորամուծությունները, որոնք կրթությունը հասցրել են այս աղետալի վիճակին: Այն, որ կրթության վիճակն աղետալի է, դժվար չէ հիմնավորել մի շարք օրինակներով:
1. Հանրակրթական դպրոցը դադարել է կատարել իր այդ ֆունկցիան: Բացի մասնագիտական առարկաներից (այստեղ ձեռք բերված գիտելիքները մեծամասամբ կրկնուսույցների աշխատանքի արդյունքն են), մնացած ասպարեզներում մնացորդային գիտելիքները համարյա բացակայում են: Հումանիտար հոսքերում բացարձակապես անտեղյակ են բնագիտական առարկաներից, բնագիտականում՝ ընդհակառակը: Եվ դա այն պայմաններում, երբ XXI դարում արմատապես փոխվում է «կիրթ մարդ» հասկացության բովանդակությունը: Բավականաչափ երկար ժամանակ այն նույնացվում էր այնպիսի անձի հետ, որն ազատորեն կողմնորոշվում էր պատմության, գրականության, երաժշտության, գեղանկարչության ոլորտներում: Ինչպես երեւում է թվարկվածից, շեշտը հիմնականում դրվում էր շրջապատող աշխարհի հումանիտար արտացոլման վրա: Ներկայումս հասունացել է այն գաղափարը, որ համամարդկային մշակույթի ոչ պակաս կարեւոր եւ անբաժանելի մասն են կազմում նաեւ ճշգրիտ գիտությունների նվաճումները: Սա նշանակում է, որ ճշգրիտ եւ սոցիոհումանիտար գիտություններն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես փոխադարձ բացառող, այլ որպես մեկ ամբողջական մշակույթի բաղադրիչներ՝ կրթության ասպարեզի համար այստեղից բխող բոլոր հետեւանքներով:
2. Պրոֆեսիոնալ եւ նվիրյալ ուսուցիչների քանակը զգալիորեն նվազել է: Փոխարենը հսկայական չափերի են հասել դասատուները, որոնք դասագրքայինից բացի՝ գիտելիքի այլ պաշար չունեն եւ երբեք չեն կարող օրինակ ծառայել ու աճող սերնդի մեջ հարգանք առաջացնել մանկավարժի նկատմամբ:
3. Հաջորդ կարեւոր կետը, որը ոչ թե պետք է ընդգծել, այլ արդեն անհրաժեշտ է ահազանգ հնչեցնել, դա սովորելու, կիրթ մարդ դառնալու ցանկության իսպառ բացակայությունն է աճող սերնդի շրջանում: Դրանում դժվար չէ համոզվել՝ հետեւելով երիտասարդության զրույցների բովանդակությանը (նշենք, որ խոսքը բացառությունների մասին չէ):
Ոլորտի առկա խնդիրները հասկանալու համար առանձնացնենք բոլոր այն սխալները եւ թերացումները (մեր տեսանկյունից), որոնք թույլ են տրվել մեր նորանկախ հանրապետության գոյության առաջին իսկ օրվանից սկսած:
Այդ սխալները կարելի է բաժանել մի քանի խմբի.
1. Առ այսօր նսեմացված է գիտելիքի դերը եւ, որպես հետեւանք, ոչնչացված է պատկառանքը կիրթ մարդու նկատմամբ:
2. Կիրթ մարդու համար պրակտիկորեն անհնար է սեփական աշխատավարձով իր ընտանիքի բարեկեցիկ կյանքն ապահովելը: Արդյունքը բազմակի անգամ չարչրկված մտավոր հզոր պոտենցիալի՝ հատկապես երիտասարդ տարիքի արտահոսքն է կամ այլ՝ եկամտաբեր ոլորտներ, կամ հանրապետության սահմաններից դուրս:
3. Ծանր հարված էր խորհրդային կրթական համակարգից բակալավրական եւ մագիստրոսական համակարգի մեխանիկական անցումը՝ առանց համապատասխան աշխատաշուկա ունենալու:
4. Ոչ պակաս վնասակար է նաեւ կրթական ոլորտի ղեկավարումը կուսակցականության, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի սկզբունքով: Ժամանակին Բերտրան Ռասսելն ասել է. Ժողովրդավարության պայմաններում հիմարներն ունեն քվեարկելու, իսկ բռնատիրության դեպքում՝ ղեկավարելու իրավունք: Խոսքերը բերված են բառացի, սակայն տվյալ դեպքում ենթադրվում է հենց փոխաբերական՝ ոչ պրոֆեսիոնալության ենթատեքստով:
Այս թվարկումը, իհարկե, կարելի է երկար շարունակել, ինչը տվյալ դեպքում նպատակահարմար չենք համարում: Կրթությունը նուրբ եւ զգայուն ոլորտ է, որում աննշան սխալներն անգամ կարող են ունենալ ճակատագրական հետեւանքներ: Ակնհայտ է, որ այս պնդումն անմիջական աղերսներ ունի անցյալ դարի 60-ական թվականներից ուսումնասիրվող «թիթեռնիկի էֆեկտի» հետ, որի համառոտ էությունը հետեւյալն է. Պերուում թիթեռնիկի թեւերի շարժումը անկանխատեսելի եւ փոխկապակցված իրադարձությունների հաջորդականության արդյունքում կարող է ուժեղանալ եւ Տեխասի նահանգում փոթորիկ առաջացնել: Ֆիզիկային բնորոշ բազմաթիվ խնդիրներ ունեն իրենց համանմանները հարակից բնագավառներում, ինչպիսիք են, օրինակ, քիմիան, կենսաբանությունը, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան եւ այլն: Համարժեք վառ օրինակը հայկական բանահյուսությունից Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրն» է (արձակ շարադրանքով այն առկա է XII-XIII դարի հայ արձակագիր Վարդան Այգեկցու մոտ՝ «Կաթ մեղր պատճառ պատերազմի» վերնագրով), երբ հսկայական պետություններն ավերվում են պատերազմից՝ ընդամենը մի կաթիլ ծորացած մեղրի պատճառով:
Ոչ գծային գիտության այս հայտնի օրինակներն այստեղ ներառված են ընդգծելու ոլորտի զգայունությունները՝ ցանկացած նորամուծությունների նկատմամբ եւ, ավելի շուտ, զգոնության ահազանգ են:
Ասվածը մասնավորենք մի օրինակով: 2004 թ. հայտնի օրենքի (մագիստրատուրայի ուսանողներին բանակ տանելու վերաբերյալ) քննարկումների ժամանակ հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ: Օրենքի անհրաժեշտության հիմնավորման համար նա օրինակ բերեց նոբելյան մրցանակակիր մի ֆիզիկոսի, ով նման բարձունքների է հասել ուսումը շարունակելով բանակում ծառայելուց հետո: Նմանատիպ եզակի օրինակներ մենք մեր հանրապետությունում էլ ունենք: Նշենք մեկը: Երջանկահիշատակ Գ. Ս. Սահակյանը, որի անունը ներկայումս կրում է ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնը, ասպիրանտուրայում սովորել է Հայրենական պատերազմի բոհով անցնելուց հետո եւ հասել մինչեւ ակադեմիկոսի ու աշխարհահռչակ գիտնականի մակարդակի:
Փոխվել են, սակայն, ժամանակները, սերնդին ներկայացվող պահանջները, ազգային բնավորության առանձնահատկությունները: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ կրթությունը այն ոլորտը չէ, որի վերաբերյալ օրենքներն ընդունելիս պետք է հաշվի առնել եզակիությունները: Մրցակցությունն առավել ընդգծված է եւ, որպես հետեւանք, միջին մակարդակն ավելի բարձր է այն դեպքում, երբ կրթական համակարգը եւ ընդունվող օրենքները նախատեսված են միջին ունակության տեր ուսանողների համար: Այդ դեպքում օժտվածներն ունեն փայլելու ավելի լայն եւ իրականանալի հնարավորություններ, իսկ թույլերը՝ զգաստանալու:
Ամփոփենք: Կրթության այսօրվա վիճակը չափազանց հեռու է բավարար լինելուց: Եվ այդ ճգնաժամը շատ ավելի ծանր է, քան համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այն պետք է հաղթահարենք մենք, մեր ներքին ուժերով, քանի որ ոչ մի համաշխարհային հեղինակություն, միջազգային փորձ չի կարող օգտակար լինել: Իրավիճակին համապատասխանող միակ ճշգրիտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է խորապես հասկանալ մեր էությունն իր բոլոր վայրիվերումներով: Իսկ դրա համար անհրաժեշտ է ծնված, սնված, այստեղ մեծացած եւ այս օդը շնչած լինել:

Լ. Ս. ԱՍԼԱՆՅԱՆ
ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ռ. Մ. ԱՎԱԳՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել