Կիրակի օրը Կապանում նշվեց նշանավոր կապանցի, քաղաքական, հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանում Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից մեկի՝ Ռաֆայել Մինասյանի 85-ամյակը:
Ռաֆայել Մինասյանին ճանաչողներն ու նրա հարազատները եւ գործընկերները մեկ անգամ եւս հպարտությամբ փաստեցին «մեծ մարդու ու հզոր կառավարչի» նվիրվածությունն իր հայրենի եզերքին ու ժողովրդին: «Նրա ղեկավարման ժամանակահատվածում մեծ զարգացում ապրեց մայրաքաղաքից հեռու գտնվող ու գավառական տեսք ունեցող Ղափանը: 70-ականներին արագ վեր բարձրացան բազմահարկ ու բազմաբնակարան շենքերը, ասֆալտապատվեցին փողոցները, աշխատեց Կապան-Երեւան գնացքը, նրա օրոք շահագործման հանձնվեցին Լուսատեխնիկական, Ավտոնորոգման, Էլեկտրոն, Երկաթբետոնե կառուցվածքների գործարանները, բացվեցին երաժշտական ուսումնարանը, օդանավակայանը, Կապանը դարձավ արդյունաբերական խոշոր կենտրոն: Ինքնատիպ, մարդկային բարձր արժեքներով օժտված քաղաքացի, ղեկավարելու մեծ հմտություններով օժտված կառավարիչ, ով իր ամբողջ գործունեության ընթացքում առանձնահատուկ եւ մշտական տեղ էր հատկացնում երիտասարդ, ընդունակ գործարար կադրերի ընտրությանն ու առաջխաղացմանը: Ռաֆայել Մինասյանը Կապանի պատմության մեջ իր արժանի տեղն ունի»,- փաստեցին ներկաները: Ռաֆայել Մինասյանի որդին՝ Աշոտ Մինասյանը հիշեցրեց, որ հայրը միշտ ասում էր, թե իր համար Զանգեզուրից լավ տեղ չկա այս աշխարհում: