Արդեն ավանդական դարձած «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումը Կապանի երկրագիտական թանգարանն այս տարի կազմակերպել էր Կապանի տարածաշրջանի պատմական Դավիթբեկ գյուղում: Նախորդ տարիներին միջոցառումն անցկացվում էր թանգարանի բակում, բայց այս օրերին այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են՝ պետբյուջեից այս նպատակի համար 80 միլիոն է առանձնացվել ու այս պատճառով հնարավոր չեղավ միջոցառումը կազմակերպել երկրագիտական թանգարանի տարածքում:
Այս անգամ «Թանգարանային գիշերին» մասնակցում էին ոչ միայն գյուղի բնակիչները, այլ նաեւ հյուրեր՝ ՀՀ սփյուռքի նախարարությունից, Կապանից եւ հարեւան գյուղերից:
«Կապանի երկրագիտական թանգարանի կոլեկտիվը գյուղ է տեղափոխել, գյուղի միջնակարգ դպրոցում ցուցադրության ներկայացրել 100-ավոր փաստավավերագրական նյութեր, արխիվային եզակի փաստաթղթեր, գրականություն, գեղանկարներ, լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում: Ցուցադրվող նյութերը նվիրված են 20-րդ դարի հայ ազատագրական պայքարին, Դավիթ-Բեկի պատմությանը, նշանավոր մարդկանց կյանքին, ինչպես նաեւ Գարեգին Նժդեհին», – տեղեկացրեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:
«Թանգարանային գիշեր 2011»-ը Կապանում ու Դավիթբեկում նշանավորվեց նաեւ նրանով, որ ծրագրի շրջանակներում առաջին անգամ ցուցադրության են հանվել Գողթնի՝ 1918-20 թվականների իրադարձություններին վերաբերող եզակի վավերագրեր, որոնք թանգարանը ձեռք է բերել օրեր առաջ՝ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի աջակցությամբ: