ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում «Առավոտի» հրապարակում-հաղորդման առթիվ այս տարվա փետրվարի 9-ին հարուցվեց քրեական գործ:
«Առավոտը» այս տարվա հունվարի 26-ին «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակմամբ տեղեկացրել էր ՊՆ Շենգավիթի զինկոմիսարիատի կողմից 2007թ. մայիսի 16-ին զորակոչված Դավիթ Թադեւոսյանի առողջության կտրուկ վատացման եւ հոգեբուժարաններում հայտնվելու մասին:
Դավիթ Թադեւոսյանը 3 օր առաջ կրկին տարվել է Ավանի հոգեբուժարան:
Երեկ մենք դիմեցինք ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, մայոր Տիգրան Ամբարյանին, թե արդյոք այս գործով մեղադրյալ ներգրավե՞լ են, նա պատասխանեց, որ մեղադրյալ չեն ներգրավել: Նախաքննությունը շարունակվում է:
Նախաքննության փուլում մենք պարզեցինք լրացուցիչ փաստեր. Դավիթն իրավունք չուներ առհասարակ զորակոչվելու: Իմանալով, որ նա տառապում է «սահմանային աստիճանի մտավոր հետամնացությամբ», իմանալով, որ «նա դպրոց է հաճախել 7 տարեկանից, վատ է սովորել, ավարտել է 8-ամյա դասարան»՝ զորակոչել են բանակ:
Քրեական գործը հարուցվել է, նկատի ունենալով, որ Դ. Թադեւոսյանի զորակոչման գործընթացում ՀՀ ՊՆ Շենգավիթի զինկոմիսարիատի նորակոչային հանձնաժողովի անդամները, հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք են դրսեւորել իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, ինչը պատճառել է էական վնաս: Սակայն ո՞ւմ մեղքով, ո՞վ է գլուխը հանգիստ բարձին դրել ակնհայտ հոգեկան հիվանդին առողջ մարդու փոխարեն բանակ զորակոչելով, դեռ հայտնի չէ: Իսկ մի՞թե դժվար է բացել 2007թ. մայիսի 16-ի զորակոչային հանձնաժողովի «փաթեթը» եւ տեսնել, թե ում պատճառով վարկաբեկվեց մեր բանակը, մեր բուժհանձնաժողովը եւ ում պատճառով անհուսալի դարձավ հոգեկան հիվանդի վիճակը: