Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, ավարտեց Ռոզա Մանասյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի՝ մարտի 3-ին կայացրած որոշման դեմ:
Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ: Անդրեասյանը շինծու առքուվաճառքի միջոցով տիրացել էր Մանասյանի տանը, էժան գնով գնել այն: Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել, ապա կարճել էր այն՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ի դեպ, ոստիկանությունը նախաքննության փուլում հիմք էր ընդունել Անդրեասյանի բացատրությունը, թե չի ճանաչում այն անձանց, որոնք խլել էին վարկ տալու պատրվակով Մանասյանի բնակարանը: Մինչդեռ, Մանասյանի պաշտպանական կողմը միայն հեռախոսային բազմաթիվ վերծանումների միջոցով ապացուցեց հակառակը: Այն, ինչը չէր «նկատել» ոստիկանությունը:
Գնահատելով ապացույցները՝ դատարանը Ռ. Մանասյանի բողոքը բավարարել է եւ քննիչի կողմից կայացրած որոշումը՝ քրգործի հարուցումը մերժելու մասին, վերացրել: