Դատում են «Օդնոկլասնիկի» միակ անչափահասին
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց մեծ աղմուկ հանած ու սերիալ հիշեցնող «Օդնոկլասնիկի» գործի քննությունը: 2 տարի է՝ այս գործով տարբեր մարդիկ են դատվում, անգամ՝ անչափահասներ, նույնիսկ խայտառակ ձեւով պաշտոնազրկվեցին Գյումրու ոստիկանության 2 բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ 4 երիտասարդ մեղադրվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանության շենքի դիմաց 19-ամյա Տիգրան Թադեւոսյանին դաժանաբար ծեծելու ու մահվան հասցնելու մեջ: Պատճառը եղել էր Տիգրան Թադեւոսյանի հետ քիմիա պարապող անչափահաս Լիդա Եդիգարյանը, ով «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցով սիրային առաջարկ էր ուղարկել Տիգրանին ու «գնա, ես քո» բովանդակությամբ մերժում ստանալուց հետո կռվի մեջ էր գցել իր ընկերոջը՝ Սամվել Սարգսյանին ու նրա շրջապատին: Սամվել Սարգսյանն ու Վալերի Աբրահամյանն արդեն իսկ բանտում են, երեկ սկսվեց 3-րդ ամբաստանյալի՝ Սերգեյ Մխիթարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, ով, ըստ նախաքննական մարմնի, մինչ այդ գտնվում էր փախուստի մեջ: Դատը սկսվելուն պես վերջինիս փաստաբան Խանում Մկրտչյանը միջնորդություն ներկայացրեց նրա խափանման միջոցը՝ կալանքը գրավով փոխելու մասին: Նա իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ քննիչ Դարբինյանի ներկայացրած մեղադրանքը շինծու է, հիմնված է կեղծ փաստերի վրա, միտումնավոր է, քննիչը հասել է նրան, որ կալանավորել է տվել անչափահաս տղային: «Ես 5 հատոր գործ ուսումնասիրեցի ու ոչ մի ծանուցում չտեսա. նախաքննական մարմինը ծանուցում չի ուղարկել եւ չի կանչել նրան հարցաքննության»,- ասաց Խանում Մկրտչյանը: Ըստ փաստաբանի, եթե նախաքննական մարմինն իր գործը պատշաճ կատարեր, հաշվի կառներ «Լիլիա» գեղեցկության սրահի աշխատակիցների վկայությունը, ովքեր տեսել էին, որ Տ. Թադեւոսյանին ծեծել են 2 հոգի, իսկ այդ 2-ը՝ Սամվել Սարգսյանն ու Վալերի Աբրահամյանն արդեն իսկ կալանավորված են, նրանց նկատմամբ դատավճիռներ կան, ակնհայտ է, որ իր պաշտպանյալը չկա այդ տղաների ցանկում: Ամբաստանյալը եւս ելույթ ունեցավ՝ իր փախուստի մեջ գտնվելը հիմնավորելով այսպես. «Ես չեմ իմացել, որ հետախուզման մեջ եմ, այլապես կներկայանայի, ես չեմ խուսափել նախաքննական մարմնից, 6 ամիս է՝ առողջական խնդիրներ ունեմ, թույլատրեք՝ առողջանամ»: Դատավոր Հարություն Մովսիսյանը փաստաբանից մեկ անգամ եւս փորձեց ճշտել՝ ճի՞շտ հասկացավ նրա հիմնավորումը, որ իր պաշտպանյալը փախուստի մեջ չի գտնվել, պարզապես չի ծանուցվել եւ նրա դեմ ապացույցներ չկան: Դատավորը նաեւ հետաքրքրվեց, թե կալանքը գրավով փոխարինելու մասին խոսելիս ինչքա՞ն գումար նկատի ունի փաստաբանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ ամբաստանյալի ծնողները պատրաստ են անգամ գրավ դնել իրենց շենք-շինությունները: Մեղադրող Վաղարշակ Մխիթարյանն էլ իր հերթին քննադատեց փաստաբանին՝ նրա հիմնավորումները թույլ համարելով: «Նշվեց, որ նախաքննության ընթացքում երիտասարդը չի թաքնվել, նախքան հետախուզում հայտարարելը ոստիկանները բազմիցս այցելել են նրա մշտական բնակության վայրը, արձանագրություններ են կազմվել, որի տակ ստորագրել են նրա հայրը, մայրը, տատը: Այն, որ ամբաստանյալը Երեւանում է գտնվել եւ տեղյակ չէր, որ իր նկատմամբ հետախուզում կա, հնարավոր չէ, ամբողջ հանրապետությունը գիտի այս գործի մասին, բոլոր լրատվամիջոցները լուսաբանել են, բոլորը գիտեն՝ ովքեր են մեղադրվում, ովքեր են հետախուզման մեջ գտնվում, բացի այդ, ամբաստանյալի հարազատները մասնակցել են մյուսների բոլոր դատաքննություններին, հոյակապ գիտեին, թե գործն ինչի մասին է»,- ասաց մեղադրողը՝ հիշեցնելով, որ Սերգեյ Մխիթարյանը չի ներկայացել նաեւ զինկոմ՝ հայրենքի նկատմամբ իր պարտքը կատարելու: Դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին, եւ հաջորդ դատական նիստը նշանակեց վաղը: