Այսօր ՀՀ ԳԱԱ բուսաբանական այգում տեղի կունենա վերականգնված՝ Վարդերի կոլեկցիոն հողամասի հանդիսավոր բացումը: Հողամասի վերականգնումը հնարավոր է դարձել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կ. Օբոլենսկու անմիջական մասնակցության եւ դեսպանատան 6000 եվրո չափի դրամական աջակցության շնորհիվ: 5000 քմ տարածքի վրա, որն ընդգրկում է նաեւ վարդանոցի հարակից տարածքները, կատարվել են կոճղերից եւ մացառներից մաքրման աշխատանքներ, բարելավման նպատակով անցկացվել է հողի երեքանգամյա փորում եւ ստեղծվել է ոռոգման ցանց: Տնկվել են վարդի 20 տեսակի 1100 տնկիներ, իսկ շրջապատող լանդշաֆտը ձեւավորվել է գեղազարդող եւ գեղեցիկ ծաղկող բույսերով: Այցելուների համար տեղադրվել են մագլցող բույսերով ձեւավորված տաղավարներ, նստարաններ եւ ցայտաղբյուր: 1990-ական թվականներին տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքով Բուսաբանական այգու տարբեր դենդրոհավաքածուները՝ այլ կանաչ տնկարկների հետ ունեցան լուրջ կորուստներ, իսկ վարդերի հավաքածուն գրեթե ամբողջովին ոչնչացվել էր: