Մայիսի 21-ին Երեւանում տեղի կունենա համաքաղաքային շաբաթօրյակ: Երեկ քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջանների ղեկավարներին՝ ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին՝ գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Պարոն Կարապետյանը հասարակությանը հորդորելով լուրջ ուշադրություն դարձնել բակերի մաքրման եւ կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքի աշխատանքներին, ասել է. «Շաբաթօրյակ ասելով՝ չի նշանակում, որ պետք է իջնենք եւ թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակները հավաքենք: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաեւ բարեկարգմանն ու կանաչապատմանը: Ցանկալի է, որ մեր բնակիչները հրաժարվեն որոշ բակերում առկա բոստանային տարածքներից: Փոխարենն այդ տեղերում, համոզված եմ, ավելի բարեկարգ ու աչք շոյող միջավայր կունենանք»:
Անդրադառնալով Երեւանի աղբահանության կազմակերպմանը՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ մաքուր եւ բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ: Ըստ այդմ, քաղաքապետն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երեւանցիներին անհանդուրժողականություն քարոզել՝ քաղաքն աղտոտողների նկատմամբ: