Լրահոս
Օրվա լրահոսը

50 հազարով բժիշկը գյուղ չի գնում

Մայիս 17,2011 00:00

Այդ պատճառով էլ այսօր շատ գյուղեր առանց մասնագետի են յոլա գնում

Գավառի զբաղվածության կենտրոնում այսօր հաշվառված է 1804 աշխատանք փնտրող քաղաքացի, որից 1220-ը՝ չզբաղված քաղաքացի, իսկ 1205-ը՝ գործազուրկ: Այս պահի դրությամբ հունվարից մինչեւ հիմա աշխատանքի է տեղավորվել 32 քաղաքացի: Այս քաղաքաում հիմնական պահանջարկը առեւտրի, շինարարության ու սպասարկման ոլորտներում են: Սակայն Գեղարքունիքի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերում բժշկի, ուսուցչի թափուր աշխատատեղեր էլ կան: Պարզապես առաջարկվող աշխատանքի դիմաց այնքան ցածր աշխատավարձ է սահմանված, որ դժվար էլ ինչ-որ մեկը ցանկություն հայտնի այդ հեռավոր համայնքում աշխատել: Այս մասին մենք տեղեկացանք Գեղարքունիքի մարզ կատարած մեր այցելության ժամանակ: «People in need» կազմակերպության նախաձեռնությամբ օրերս լրագրողները եղան մարզի մի քանի համայնքներում: Այս մարզը արտագաղթի առումով թիրախային է համարվում եւ թերեւս այդ էր պատճառը, որ, օրինակ՝ մարզի Սարուխան գյուղի տղամարդկանց մոտ 90 տոկոսը արտագնա աշխատանքի է մեկնել:
Մեզ հետ զրույցում Գավառի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Հայկ Մեհրաբյանն ասաց, որ Վարդենիսի հեռավոր գյուղերից մեկում, օրինակ՝ բժշկի աշխատավարձը հիսուն հազար դրամ է եւ եթե այդ գյուղից չկա մեկը, որը բժշկական կրթություն ունենա եւ աշխատի, ապա գյուղը մնում է առանց մասնագետի, քանի որ ոչ ոք չի ուզում այդ գումարի համար կիլոմետրեր եւ քարքարոտ ճանապարհներ կտրել: Ըստ պարոն Մեհրաբյանի, մարզի մասնագետները գերադասում են Երեւանում գործի տեղավորվել՝ այն պարզ պատճառով, որ աշխատավարձերը մայրաքաղաքի հիմնարկներում համեմատաբար բարձր են: Այս մարզում արդեն գործազրկության մասին տվյալները հավատ չեն ներշնչում, քանի որ շատերը՝ գերադասելով ընտանեկան նպաստ ստանալ, գործազրկության մատյաններում չեն գրանցվում: Եթե գործազուրկ մարդը հաշվառվում է, նպաստ ստանալու հավանականությունը նվազում է, քանի որ աշխատանքի անցնելուն պես նրա նպաստը կկտրեն:
Այս պահին Գեղարքունիքի մարզում կա 622 նպաստառու, որոնցից 112-ը՝ Գավառում, 56-ը՝ Ճամբարակում, 75-ը՝ Մարտունիում, 218-ը՝ Սեւանում եւ 36 գործազուրկ էլ՝ Վարդենիսում:
Գավառի զբաղվածության կենտրոնը յուրաքաչյուր տարվա 3-րդ եռամսյակին ուսումնասիրություններ է կատարում, պարզելու՝ ինչ առաջարկ եւ պահանջարկ կա: Այս տարի մոտ 200 գործատուի են դիտարկել եւ պարզել, որ Գավառում առավել տարածված են գերփոքր ձեռնարկությունները: Նշենք, որ ամենից տարածված գերփոքր ձեռնարկությունում հնարավոր է, որ ընդամենը 1 մարդ աշխատի: Օրինակ՝ կրպակ է, որի տերը կարող է միաժամանակ եւ հաշվապահ լինել, եւ վաճառող, եւ տնօրեն: Արդեն գրանցված գործազուրկներին ամեն տարի միանում է Գավառի պետական համալսարանի եւ Գավառում գործող Եվրոպական ակադեմիայի շրջանավարտների մեծ մասը: Տեղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Այստեղ քիչ թե շատ լավ են աճում հացահատիկն ու կարտոֆիլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել