Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ 42 ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ

Մայիս 17,2011 00:00

Ինչն էլ «կրճատվածների» շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել

\"\"

Այս օրերին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում աշխատակազմի կրճատումներ են ընթանում: Կա դրա մասին ավագանու որոշում, եւ թաղապետարանները պետք է իրենց հաստիքացուցակները համապատասխանեցնեն այդ որոշման հետ: Որոշ թաղապետարաններում կրճատման գործընթացն անցել է համեմատաբար հանգիստ, իսկ Կենտրոն վարչական շրջանում, ինչպես պարզվում է՝ լուրջ ցնցումներով: Բանն այն է, որ մնացած համայնքներում կրճատվողների թիվը փոքր է, իսկ Կենտրոնի թաղապետարանից վերջին շրջանում ազատվել է 42 աշխատակից, ընդ որում, մեր տեղեկություններով՝ նրանցից 17-ը տեխնիկական սպասարկողներ են: Եվ քանի որ բոլորս էլ հասկանում ենք, թե մեր երկրում ինչ ճանապարհներով են հաճախ աշխատանքի ընդունվում, բոլոր կրճատվողների մեջ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց ինքը պետք է դառնա գործազուրկ: Կրճատված աշխատակիցների թիվը՝ 42, իսկապես բավականին մեծ է, եւ վկայում է այն մասին, որ  թաղապետարանի հաստիքները ուռճացված են եղել: Եվ այս պարագայում հետաքրքիրն այն է, որ կրճատման տակ ընկել են, այսպես ասած, «առանց տանիքի» աշխատողները, նրանք, որոնք բացի այստեղ-այնտեղ բողոքելուց, չեն կարող այլ քայլերի դիմել: Ինչպես «Առավոտին» պարզաբանեց Կենտրոն թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Անտոնինա Աբրահամյանը, «Մենք չենք գործատուն, որ կրճատումներ անենք՝ ըստ հայեցողության: Օրենքում ասվում է, որ չպետք է կրճատվեն նրանք, որոնք ունեն առավելագույն դասային աստիճան եւ համայնքային ծառայողական մեծ ստաժ: Գործատուն, կրճատողը, պարգեւատրողը քաղաքապետարանն է, որն առաջնորդվել է այդ սկզբունքով: Եթե մարդն ունի համայնքային ծառայողական բարձր ստաժ, բայց չունի բարձր դասային աստիճան, ուրեմն նախապատվությունը տալիս են բարձր դասային աստիճան ունեցողին»:
 Նշենք, որ կրճատված աշխատակիցներն ամենից շատ բորբոքվել են այն պատճառով, որ իրենց՝ կրճատման համար նախապես տեղյակ չեն պահել, դա անակնկալ է եղել, բացի այդ, ինչպես օրենքն է պահանջում, համակարգի ներսում այլ աշխատանք նրանց չեն առաջարկել: Ա. Աբրահամյանի խոսքերով՝ «Եթե վերակազմավորում չի լինում, լուծարում չի լինում՝ կրճատման դեպքում համակարգի ներսում այլ աշխատանք չենք կարող առաջարկել, որովհետեւ թափուր տեղ չունենք: Եթե որեւէ աշխատատեղ բացվի կամ մեկը ֆիզարձակուրդ գնա, մենք, իհարկե, նախապատվությունը կտանք մեր նախկին աշխատողներին, որոնք այդ ընթացքում կմնան ռեզերվում: Ինչ վերաբերում է նախապես չասելուն, գիտեք, երբ ավագանին որոշում էր ընդունել այդ մասին, դա պետք է տարածքային կառավարման նախարարը հաստատեր, տարբեր մարմիններ հաստատեին ու երբ մենք կրճատումների անցանք, արդեն ուշ էր: Բայց դրանից աշխատողները չեն տուժի, այդ 2 ամսվա ստաժը կգնա, կհաշվարկվի, ու նրանք կստանան նաեւ այդ ամիսների աշխատավարձը: Մենք ընդունում ենք, որ շատ ցավալի է աշխատանք կորցնելը, բայց դա ինչ-որ մեկի ցանկությունը չէ, որոշում է, որը պետք է կատարվի: Մեր թաղապետարանում իսկապես մեծ էր աշխատողների թիվը, եւ, փաստորեն, 42 մարդ մնաց գործազուրկ»:
Կենտրոն թաղապետարանի աշխատակիցների կրճատման գործընթացում ամենաաղմկահարույցը թաղապետարանի առաջին կարգի մասնագետ Սոֆյա Լալայանի գործն է, որը, ճիշտ է, բարձր դասային աստիճան ունենալու համար կրճատման տակ չի ընկել, բայց այս օրերին կնոջը թաղապետարանում օր ու արեւ չեն տալիս: Բանը հասել է նրան, որ կինը Facebook-ում քաղաքապետին դժգոհել է. «Ես 2002-ից աշխատում եմ թաղապետարանում՝ որպես առաջին կարգի մասնագետ: Մեր ընդհանուր բաժնի պետ Ն. Խանամիրյանի կողմից ենթարկվում եմ հալածանքների: Նա խեղդում է ինձ աշխատանքով, անձնական վիրավորանքներ հասցնում, ծաղրում եւ հեգնում է ինձ: Ես Կենտրոնի թաղապետի կողմից ենթարկվում եմ ահաբեկման, որը պահանջում է, որ ես աշխատանքից ազատման դիմում գրեմ: Խնդրում եմ միջամտել եւ վերջ դնել այս բարոյահոգեբանական անհանդուրժելի մթնոլորտին եւ օգնել հստակեցնել իմ ծառայողական պարտականությունների սահմանը»: Ավելին, կնոջ խոսքերով, ինքը բարձր ճնշում է ունեցել, շտապօգնություն են կանչել, եւ մի քանի օր չի գնացել աշխատանքի, որի համար տեղեկանք է ներկայացրել, բայց Ն. Խանամիրյանն իր պարտքն է համարել այդ օրերին անձամբ գնալ աշխատակցի տուն՝ ստուգելու՝ նա իրո՞ք հիվանդ է, թե՞, այսպես ասած, «ձեւեր է թափում» պարտականություններից խուսափելու համար: Ըստ Ս. Լալայանի, նորից վիրավորել է իրեն ու 85-ամյա մորը: Ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը նշել է, որ այդ տեղեկությունները պարզելու համար սկսվել է համապատասխան քննություն եւ, մեր տվյալներով՝ արդեն նշանակվել է ծառայողական քննություն:
Նշենք, որ Երեւանի ավագանու որոշմամբ՝ ի տարբերություն թաղապետարանների, քաղաքապետարանի աշխատակազմում հաստիքացուցակներն ավելացել են 9-ով՝ 1952-ի փոխարեն դառնալով 1961:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել