«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆրանսիական Castel խմբից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը tert.am-ին ասել է, որ իրենք նախատեսում են անել ամեն ինչ, որպեսզի «Կոտայքը» շուկայում վերականգնի առաջատարի դիրքերը. «Դրա համար մեծ ուշադրություն ենք դարձնելու թե՛ գարեջրի որակի բարձրացմանը, թե՛ վաճառքների ավելացմանը»: Խաչիկ Գալստյանը հրաժարվեց հրապարակել գործարքի արժեքը՝ նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Հիշեցնենք, որ Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը հիմնադրվել է 1974թ.: 1997թ. ձեռնարկության բաժնետոմսերի 71%-ը ձեռք է բերել ֆրանսիական Castel խումբը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանից: Մնացած 29%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին: 2006թ. Գագիկ Ծառուկյանը իր 29% բաժնեմասը 4 մլն դոլարով վաճառեց Castel խմբին: Այս ժամանակահատվածում «Կոտայք» գարեջրի գործարանում ֆրանսիական ընկերության ներդրումները կազմել են 17 մլն դոլար: