Անջուր թաղամասի բնակիչներն անձրեւաջուր են օգտագործում
Գրեթե մեկ ամիս է՝ Վանաձորի Երեւանյան խճուղու եւ Չուխաջյան փողոցների մի քանի շենքերի բնակիչներ բողոքում են ջրամատակարարումից: Նրանց զանգերին «Լոռիջրմուղկոյուղու» հերթապահությունից չեն պատասխանում կամ խոստանում են, ու նշված ժամկետներում կրկին ջուր չի գալիս: «Ծորակի կողքին պահակ ենք կանգնելու, որ ջուր բռնացնենք, մի օր իրիկունն են մի քանի ժամ տալիս, մի օր՝ առավոտը, առանց գրաֆիկի է»,- ասում է թաղամասի բնակչուհի տիկին Հասմիկը:
Բնակիչներին փրկում է վանաձորյան անձրեւաշատ եղանակը: Բնակիչները առիթը բաց չեն թողնում շենքերի ջրհորդանների տակ տարաներ տեղադրելու եւ ջուր հավաքելու: «Զանգում-ասում եմ՝ ջուրը ուժ չունի, մի քիչ «նապոռ» տվեք, որ հինգերորդ հարկ հասնի, ասում են՝ չկա, թե ջուր ես ուզում՝ գնա հարեւանիդ տնից ջուր բեր: Ջրաչափ են դրել, էլ մարդ ռիսկ էլ չի անում էդքան հարեւանի տուն գնա»,- վրդովված պատմում է տիկին Դոնարան:
Բնակիչների հավաստմամբ, անցյալ դարի 90-ականներից այս կողմ իրենք առանց կռվի ջուր չեն ստացել. կամ հերթապահների հետ են կռվել, կամ գրասենյակի քարտուղարուհու: «Օրումեջ են ջուր տալիս, ժամն անցնում է, ջուր չեն տալիս: Երբ թաղի ջահելներն այստեղ էին, ջուր կար: Հարեւան 9 հարկանի շենքերի բնակիչները փակում էին 4 այլ շենքեր սնուցող ջրի ծորակը, որ 9-րդ հարկ ջուր բարձրանա»,- պատմում է կանանցից մեկը:
Մի անգամ էլ հինգերորդ հարկի բնակիչներն են բողոքել ջրի բացակայությունից, ջրմուղկոյուղու աշխատակիցները եկել են, որ տեղում ճշտեն պատճառները, սակայն ծուլացել են ու 3-4-րդ հարկից հետո վեր չեն բարձրացել:
Ջուր ունեցող հարեւաններն էլ մեկ այլ հարցով են վրդովված: Նրանք էլ են անձրեւաջուր հավաքում, այն ավելի մաքուր է: «Անձրեւաջրով ենք գլուխ լվանում, թե չէ՝ էնքան հող կա ծորակից եկող ջրի մեջ,… ջրի գույնն էլ չի երեւում: Էդ ինչ կա-չկա՝ գլխներիս է նստում, ու մաքրվելու փոխարեն՝ կեղտոտվում ենք»,- իրար հերթ չտալով՝ պատմում են թաղամասի տարեց կանայք:
«Այդտեղ վնասակար բան ընդհանրապես չկա, տհաճ բան կա»,- ի պատասխան բողոքների՝ մեզ ասաց «Լոռիջրմուղկոյուղի» ընկերության ղեկավար Էդուարդ Վահանյանը: Ըստ նրա, ջրակորուստներն ու ջրագողությունը քաղաքում շատ են, առաջին հերթին դրանք կանխել է պետք:
Իսկ Երեւանյան խճուղու եւ Չուխաջյան փողոցների բնակիչները կարծում են, թե նորակառույց Տարոն թաղամասի շուրջօրյա ջրամատակարարումն է իրենց ջրազրկման պատճառը. «Հիմա էլ հերթապահությունում ասում են՝ ջրամբարում ջուր չկա, էսքան անձրեւի հետ ինչո՞ւ ջուր չկա՝ զարմանում ես»: