Հայկական «Գրանդ հոլդինգ» ընկերությունը մտադիր է 3 մլն դոլար ներդնել՝ ՌԴ Ստավրոպոլի մարզի Միներալնիե վոդի քաղաքում ծխախոտի արտադրության գործարան հիմնելու համար:
Այս մասին տեղեկացնում է tert.am-ը՝ հղում անելով expert.ru կայքին, որը, վկայակոչելով Ստավրոպոլի մարզի նահանգապետի մամուլի ծառայությանը, նշում է, որ մինչ տարեվերջ այնտեղ 500 նոր աշխատատեղ կստեղծվի: Կայքը չի բացառում, որ Հայաստանի սահմաններից դուրս ծխախոտի գործարան ստեղծելու որոշումը պայմանավորված է քաղաքական գործոնով, եւ հիշեցնում է վերջերս հայկական մամուլում տարածված այն հաղորդագրությունները, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն իր բիզնեսը Վրաստան եւ Ռուսաստան կտեղափոխի:
«Ճիշտ է, Տիգրան Սարգսյանը արդեն հերքել է այդ լուրերը, իսկ օրեր առաջ հոլդինգի հիմնադիրներից մեկը՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Միքայել Վարդանյանը հայտարարեց, թե «Գրանդ հոլդինգը» չի պատրաստվում բիզնեսն այլ երկրներ տեղափոխել, այդուհանդերձ, Ստավրոպոլում գործարան հիմնելու որոշումն, ավելի շուտ, հակառակի մասին է վկայում»,- գրում է expert.ru-ն եւ հավելում, որ, հավանաբար, ներդրումները չեն սահմանափակվի միայն ծխախոտի արտադրությամբ: