Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ

Մայիս 17,2011 00:00

Թիվ 57 երթուղային տաքսու նախկին վարորդի բացահայտումները

\"\"

Գեւորգ Թորոսյանը քառասուն տարվա վարորդ է, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ չի աշխատում: Աշխատանքային վերջին կանգառը «Վիառ» ընկերությունում էր: Այս ընկերությունը ղեկավարում է թիվ 57, 47, 27 երթուղային տաքսու գծերը: Նրա պատմելով՝ ինքը հինգ տարի թիվ 57 երթուղայինի վարորդ ու նաեւ ընկերության նյութական պատասխանատու է եղել: «Վիառ» ընկերության նախկին վարորդը «Առավոտի» հետ զրույցում պատմում էր, որ հինգ տարի ընկերությունում ոչ թե վարորդ, այլ իսկական ստրուկ է եղել. «Հերիք չէ, որ աշխատողներին աշխատավարձ չէին տալիս, դեռ մի բան էլ ամեն օր ծեծում ու ջարդում էին: Ամեն օր քսանհինգ հազար դրամ վարորդից պահանջում են, ու դեռ վարորդը փորձի հինգ հարյուր դրամը կոպեկով հանձնի, գիծ նայողները մի լավ ջարդ կտան»: Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ընկերությունում մոտ հարյուր աշխատակից կա, բայց երեքից չորս բախտավորներն են գրանցված աշխատում: Նրա պատմելով՝ ինքն անձամբ մի քանի տարի վիճաբանել է ընկերության տնօրենների հետ աշխատանքային «ստաժը» ստանալու համար, բայց այդպես էլ նրան չի հաջողվել. «Ես աշխատանքի եմ ընդունվել «Վիառ» ընկերություն 2005 թվականին, բայց երկար տարիներ տնօրեններից ստաժ պահանջելուց հետո իմ աշխատանքային գրքույկում գրանցեցին ինչ-որ անհայտ «Ստազ» ընկերության աշխատակից, ում աշխատանքի են ընդունել 2000 թվականին ու իմ իսկ դիմումի համաձայն աշխատանքից ազատել 2003-ին ինչ-որ անհայտ տնօրենի՝ Ա. Մարտիրոսյանի ստորագրությամբ»: Պարոն Թորոսյանը այս կեղծարարությունը «ջրի երես» հանելու համար դիմել է նախագահի աշխատակազմ, այնտեղ գործին ընթացք են տվել, բայց. «Գիծ նայողների սպառնալիքներից հետո դիմումս հետ վերցրի: Ինձ տարան իրենց մեքենայով ու ասացին՝ գնամ խոսքերս հետ վերցնեմ, հակառակ դեպքում ասացին՝ ընտանիքիս կվնասեն»: Պարոն Թորոսյանն այլ բացահայտումներ էլ արեց. «Թիվ 27 երթուղային տաքսու հարկն արժե հինգ հազար դրամ, իսկ 57-ի գծում՝ ութ հազար դրամ: Գիծ նայողները թիվ 27 գծի վարորդներին բերում են մեր գծում աշխատեցնում, հինգ հազար դրամը մուծում, իսկ երեք հազար դրամը դնում իրենց գրպանը»: Պարոն Թորոսյանի պատմելով՝ այս ընկերությունում տնօրենների խաբեություններն այսքանով չեն ավարտվում. «Վարորդը մեքենայի վառելիքը իր փողով է գնում, բայց գիծ նայողը ՀԴՄ է պահանջում ու պետությանը ներկայացնում ընկերության անունից՝ իբրեւ թե վարորդի վառելիքի հարցն է հոգում»:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ ընկերությունը սպիտակ համարանիշով մեքենա էլ է աշխատեցնում. «Առանց համարի են աշխատեցնում, Զոնալից մինչեւ Խարբերդ: Մեր ընկերության ղեկավարած երեք գծերում ընդամենը քսան մեքենա է պատկանում ընկերությանը, ու քանի որ աշխատողները գրանցված չեն աշխատում, ընկերությունը վարորդների անձնագրերը իր մոտ է պահում, որ հետո հարցեր ծագելու դեպքում պահանջատեր լինի: Օրենքով գծի 70% մեքենաները պետք է լինեն գծի սեփականատիրոջը, բայց այս ընկերությունը աշխատանքի է ընդունել սեփական մեքենա ունեցող վարորդների ու նրանց սեփական մեքենաները, պայմանագրի համաձայն, գրանցել ընկերության անունով՝ մարդկանց այսկերպ կախվածության մեջ պահելով: Հիմա մարդիկ ցանկանում են դուրս գալ աշխատանքից, բայց տնօրենները մի քանի 100000 հազար դրամ են պահանջում, որ ընկերության անունից դուրս հանեն այդ մեքենան ու տան տիրոջը»:
«Առավոտը» զրուցեց նաեւ ընկերության տնօրեն Արսեն Նալբանդյանի հետ: Նա սկզբում վստահեցրեց, որ իրենց ընկերությունում Գեւորգ Թորոսյան անունով աշխատակից երբեւէ չեն ունեցել: Ավելի ուշ անկեղծացավ. «Գեւորգը սարսափելի կլյաուզնիկ է, ավելի լավ է՝ դրա հետ ընդհանրապես գործ չունենաք»: Թե ինչպես են «սարսափելի կլյաուզնիկին» ընկերությունում վստահել նյութական պատասխանատուի պատասխանատու աշխատանքը, պարոն Նալբանդյանը հարցով պատասխանեց. «Ինքը ի՞նչ է աշխատել, ես կադրային բաժնից հիմա կճշտեմ, բայց նման մարդ մենք չենք ունեցել»:
Պարոն Նալբանդյանը հերքեց, թե ընկերության երկու մեքենա սպիտակ պետհամարանիշով սպասարկում է Զոնալ-Խարբերդ ուղղությամբ: Նրա խոսքով, իրենց ընկերությունը լիցենզիա ունի, ու բոլոր աշխատակիցները գրանցված են աշխատում. «Ով որ ժամանակին փաստաթղթեր չի ներկայացնում, մի քանի օր է աշխատում, ու ճանապարհում ենք»: Պարոն Նալբանդյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու են վարորդների անձնագրերը վերցնում ու իրենց մոտ պահում. «Դա ներքին հարց է, ոչ թե օրինական: Այն մարդը, ով պետական մեքենա է վարում, ու որպեսզի այլ ճանապարհով, պարտք ունենալու դեպքում, չփախչեն, դրա համար վերցնում ենք: Բայց դրանք բոլորն էլ գրանցված աշխատողներ են: Սա տարածված բան չէ մեզ մոտ»:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, «Վիառ» ընկերության սեփականատերը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է: Հետաքրքիր է՝ նա գիտի՞, թե ինչ է կատարվում իր ընկերությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել