Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԺԿ-ն նոր դաշինք կձեւավորի

Մայիս 17,2011 00:00

«Նոր ժամանակներ» կուսակցությունը պատրաստվում է ձեւավորել դաշինք՝ գաղափարական ընդհանրության հենքի վրա: Այդ մասին tert.am-ի հետ զրույցում նշել է կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա ասել է, թե ինքը հանդիպումներ է ունեցել ՀՌԱԿ համաշխարհային կառույցի գործադիր-ատենապետ Հարություն Առաքելյանի եւ այլ կուսակցությունների ղեկավարների ու անդամների հետ՝ համագործակցության եզրեր գտնելու եւ Հայաստանում նախընտրական դաշինք ստեղծելու նպատակով:
«ՀԱԿ-ի եւ իշխանության՝ հետզհետե սերտացող կապերի արդյունքում ձեւավորված իրավիճակը հիմա այնպիսին է, որ որոշ քաղաքական ուժեր ուղղակի պարտավոր են միավորվել եւ գաղափարական հենքի վրա նոր ճակատ ստեղծել»,- հայտարարել է Ա. Կարապետյանը: Ըստ նրա, ոչ միայն պարտադիր չէ, որ այդ ճակատը ձեւավորվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, այլեւ անհրաժեշտ է, որ դրա ձեւավորման հիմքում դրվի ուղղակի գաղափարական ընդհանրությունը: «Ես հատուկ նշեմ՝ դաշինք ձեւավորում են ուժեղ կուսակցությունները, որոնք, ինչպես մենք, խորհրդարանական տեղերի խնդիր չունեն եւ նման փոքր նպատակներ չեն հետապնդում: Իսկ, այ, հետո այդ դաշինքներին միացող առավել թույլ ուժերը կարող է եւ ունենան անձնական եւ քաղաքական նպատակներն այս միջոցով իրագործելու ծրագրեր»,- ասել է Ա. Կարապետյանը:
ՆԺԿ նախագահի համոզմամբ, իր գլխավորած կուսակցությունը գաղափարական ընդհանրությամբ կարող է միավորվել ՀՅԴ, «Ժառանգություն», ՍԴՀԿ, ինչպես նաեւ՝ ՀՌԱԿ-ի հետ. «Կարեւորն այն է, որ դա պիտի լինի ազգային դաշինք: Այն չի ձեւավորվելու ուղղակի ընտրություններին մասնակցելու համար, ինչ-որ ժամանակավոր քաղաքական խնդիրներ լուծելու համար: Այն նորովի բարձրացնելու է թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրներ՝ արդյունաբերության զարգացումից սկսած մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում: Կարծում եմ, դեռ վաղ է խոսել համագործակցության ավարտուն պայմանավորվածությունների մասին: Նման որոշումներ կընդունվեն, թերեւս, ամառվա վերջում կամ ավելի ուշ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել