ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված ՀՔԾ վարույթում քննվող քրգործով հնարավոր նոր ապացույցներ եւ փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով նշված քրգործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները՝ քննչական խմբի ղեկավարի եւ խմբի քննիչների հետ, այսուհետ յուրաքանչյուր ամիս հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ: ՀՀ տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպմանը եւ հնչեցնել իրենց հուզող հարցերը՝ բացառապես նշված քրգործի հանգամանքների շուրջ:
«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին եւ վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին, ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի» կոնֆերանսների դահլիճում (ք. Երեւան, փ Տիգրան Մեծի 50): Առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կկայանա սույն թվականի մայիսի 25-ին:
Ի դեպ, սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, նույն ինքը «Մարտի 1»-ի բազմաթիվ գործերով մեղադրող Կորյուն Փիլոյանի վրա: