Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ

Մայիս 17,2011 00:00

Սերժ Սարգսյանի հարցազրույցի ղարաբաղյան մեկնաբանությունները

\"\"

Ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը. «Կարծում եմ՝ դա հավանական է, քանի որ ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Ադրբեջանը երկարաձգում բանակցային գործընթացը: Հավանաբար, նրանք ավելի շատ ուժ եւ միջոցներ կուտակելու պլաններ ունեն, որպեսզի հարմար պահի դիմեն ռազմական արկածախնդրության»,- ասել է ՀՀ նախագահը: Արդյոք նախագահի այս դիտարկումը նախազգուշացո՞ւմ է՝ ռազմական գործողությունների մոտալուտ վերսկսման, «Առավոտի» հարցին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը բացասաբար պատասխանեց: «Նման դեպքերում պետությունների ղեկավարները ակնհայտ հայտարարություններ չեն անում, այլ ձեռնարկում են քայլեր, որոնք, այսպես ասած, հրապարակման ենթակա չեն»,- ասաց Վահրամ Աթանեսյանը: Այս դեպքում, ըստ մեր զրուցակցի, մենք գործ ունենք «Ադրբեջանի կողմից պատերազմ պարտադրելուն տրված իրատեսական» գնահատականի հետ:
ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն այս առումով նույնպես մտահոգությունների առիթ չի տեսնում. «Հայաստանի եւ Արցախի ապագայի համար պատասխանատու պաշտոնատար անձանց խնդիրը անվտանգ եւ խաղաղ պայմաններում հայկական երկու պետությունների զարգացման հեռանկարի ապահովումն է: Արցախի միջազգային ճանաչման խնդիրը՝ Ադրբեջանի մասնակցությամբ կամ առանց դրա, կփակի ռազմական հեռանկարը: Այս տարբերակը կբերի տարածաշրջանային երկարատեւ կայունության: Ստատուս-քվոյի դրական փոփոխության կողմնակիցները, տարածաշրջանի խաղաղությամբ իրապես հետաքրքրվածները պետք է այս տարբերակին առավելություն տան»:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն էլ իր հերթին է հայտարարել, որ ադրբեջանական կողմը իրական արդյունքներ է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից եւ հայկական կողմին կոչ է արել՝ «չչարաշահել իր ժամանակը»: «Հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ անցկացված հանդիպումների մոտիվացիան նույնպես ավելի բարձր կլինի: Ուզում ենք հավատալ, որ Հայաստանի նախագահը կգնահատի ինչպես մեր, այնպես էլ իր ժամանակը: Այդ հանդիպումներում անհրաժեշտ է քննարկել եւ լուծել հարցեր»,- 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Ազիմովը: Դիվանագետը նշել է պաշտոնական Բաքվի մտահոգությունը, որ՝ «ժամանակը գնում է, իսկ արդյունքներ չկան», ու հավելել. «Մեր նախագահը, իհարկե, ի նշան հարգանքի կընդունի Ռուսաստանի հրավերը եւ կմասնակցի հանդիպումներին, սակայն մենք չէինք ցանկանա, որպեսզի հակառակ կողմը չարաշահեր մեր բարյացակամությունը եւ մեր ժամանակը»:
Այս առիթով Վահրամ Աթանեսյանը նկատեց. «Եթե Ադրբեջանը չի բացառում պատերազմը որպես խնդրի լուծման միջոց ձեռնարկելու հնարավորությունը, ապա բանակցություններն ընդհանրապես իմաստազրկվում են: 1994 թվականին պատերազմական գործողությունները դադարեցվել են, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով»,- հիշեցնում է մեր զրուցակիցը: Այս համատեքստում Վահրամ Աթանեսյանը առնվազն տարօրինակ եւ անիմաստ է համարում բանակցությունները, այն պարագայում, երբ կողմերից մեկը մշտապես խոսում է պատերազմի մասին՝ եթե բանակցությունների միջոցով ինքը չի հասնելու իր առավելագույն նպատակին. «Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ այդ դեպքում իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով. առաջինը՝ տոտալ պատերազմ՝ Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացմամբ, ինչը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական ոչնչացմամբ, եւ երկրորդ սցենարը՝ Ադրբեջանը կպարտվի եւ նոր տարածքներ կկորցնի: Այդժամ արդեն Ադրբեջանը կսկսի բողոքել եւս 5, 6 կամ ավելի շրջաններ կորցնելու կապակցությամբ, եւ ի՞նչ կլինի հետո: Դարձյալ հրադադար, նոր պատերազմ, այդ բոլոր սցենարներն անհեռանկար են»: Առաջին տարբերակը Վահրամ Աթանեսյանը բացառում է. «Ոչ թե ինչ-որ ուժեր կմիջամտեն եւ կկանգնեցնեն պատերազմը, այլ Ադրբեջանն այդքան ուժ չունի դիմագրավելու: ԼՂՀ տարածքում ապրող յուրաքանչյուր մարդ պոտենցիալ զինվոր է: 150 հազար բնակչությունից եթե հանենք կանանց, երեխաներին եւ ծերերին, ապա 70-80 հազար մարդ ընդունակ է զենք վերցնելու եւ պաշտպանելու իր տունն ու պատիվը: Բայց ոչ այս, ոչ էլ մյուս տարբերակը խնդիրը չեն լուծում: Հայկական կողմերից ոչ մեկն իր առջեւ խնդիր չի դրել Բաքուն գրավելու եւ Ադրբեջանին կապիտուլյացիայի ակտ պարտադրելու: Արդյոք պատերազմը խնդի՞ր է լուծելու, հետո ի՞նչ է լինելու: Սրանք հարցեր են, որ չէր խանգարի, որպեսզի պատերազմի՝ ադրբեջանական ստրատեգներն իրենց աչքի առաջ ունենային»: Արազ Ազիմովի կողմից նետված հերթական մարտահրավերի հասցեատերը, մեր զրուցակցի համոզմամբ, ոչ ՀՀ-ն է, ոչ էլ ԼՂՀ-ն. «Այս մարտահրավերի հասցեատերը միջազգային հանրությունն է, եւ եթե միջազգային հանրությունը գտնում է, որ խնդիրը իսկապես պետք է լուծվի ուժի եւս մեկ անգամ կիրառմամբ, ապա ցավով, բայց պետք է ասեմ, որ սա արդեն միջազգային հանրության ընտրությունը կլինի, եւ հետագայի համար ողջ պատասխանատվությունը կկրի Մինսկի խմբի համանախագահությունը՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել