Ըստ «Մեդիամաքսի», Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Թամանյանի նախագծի իմպրովիզն է անում Հայաստանի կառավարության ներքին բակում աշտարակի կառուցման մասով»: Աղբյուրի մատուցմամբ, երեկ այդ մասին հայտնել է ճարտարապետ Լեւոն Վարդանյանը՝ մեկնաբանելով հասարակական արձագանքը աշտարակի կառուցման նախագծի շուրջ: Նրա խոսքերով, նախագծի քննարկումների համար պետք է կազմակերպվեն թե մասնագիտական եւ թե հասարակական քննարկումներ: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշել է, որ Նարեկ Սարգսյանի ներկայացրածը «նոր նախագիծ» է, ոչ թե ժամանակին Ալեքսանդր Թամանյանի կողմից ներկայացված նախագծի շարունակությունը: Միության նախագահն ավելացրել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ աշտարակի կառուցումը կսկսվի 2-3 ամսվա ընթացքում: Facebook ցանցում բացվել է «Պահպանենք Հանրապետության հրապարակը» խումբ, որը դեմ է աշտարակի կառուցմանը: Խմբի ակտիվիստներն արդեն նամակներ են հղել Հայաստանի վարչապետին, Երեւանի քաղաքապետին եւ Հանրային խորհրդի նախագահին: