Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱՆԱՄԱՆԻԱ

Մայիս 17,2011 00:00

\"\"Անցած շաբաթվա վերջում Երեւանի քաղաքապետի մոտ տեղի ունեցած մի խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սպանդարյանի արձանի տեղափոխման եւ դրա փոխարեն Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման խնդիրը: Նժդեհի արձանի լավագույն նախագծի համար արդեն մրցույթ է հայտարարվել:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հրապարակը, որտեղ տեղադրված է Սուրեն Սպանդարյանի արձանը, վերանվանվեց Գարեգին Նժդեհի անունով, սակայն Սպանդարյանի արձանը, ի թիվս այլ հեղափոխականների արձանների, չլքեց իր պատվանդանը: Հիմա քաղաքային նոր իշխանությունները որոշել են համապատասխանություն մտցնել այդ հրապարակում: Սա, բնականաբար, չէր կարող ծափերով ընդունվել Հայաստանի կոմունիստների կողմից: Երեկ այս առիթով ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանն իր վրդովմունքը փոխանցեց «Առավոտին». «Այսպիսով ներկայիս իշխանությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ իրենք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների հետեւորդն ու ժառանգորդն են: Նրանք քանդեցին բանվորի արձանը՝ բանվորին թողնելով սոված ու ծարավ, առանց աշխատանքի, սրանք էլ քանդում են բանվորին հաց տվողների արձանները. մարդիկ, ովքեր շենացրին հանրապետությունը, իսկ Երեւանը դարձրին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը»:
Տաճատ Սարգսյանը խորհուրդ է տալիս իշխանություններին արձանների ետեւից ընկնելու փոխարեն՝ իրենց բուն գործով զբաղվեն՝ հոգան մարդկանց սոցիալ-տնտեսական, կրթական ու առողջապահական հարցերը, աշխատատեղեր ստեղծեն, արտագաղթի դեմն առնեն, մտածեն արտաքին պարտքի՝ օրեցօր մեծացող ծավալների մասին: ՀԿԿ-ն խստիվ դատապարտում է ՀՀ ներկայիս իշխանության կողմից շարունակվող հակակոմունիստական քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել