Մյուս երկուսի գործը դեռ դատարանում է
Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Արեգ Գեւորգյանին՝ հանցակազմի բացակայության հիմքերով: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նա 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու մեղադրանքով:
Այդ մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Արեգը, սակայն, պնդում է, որ իրեն 2010 թ. ապրիլի 20-ին ձերբակալելու հիմքերն այլ են եղել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշել է Արեգ Գեւորգյանը, ձերբակալությունից հետո իրեն ասել են, թե հետախուզման մեջ է գտնվում. «Ուղղակի ծիծաղելի է, ես ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալում, եւ ինձ գտնելը բարդ չէր»: Մեկ տարի տեւած դատաքննության արդյունքում նա դատապարտվել էր 1 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման: «Դատաքննության ընթացքում, սակայն, պարզվեց, որ առողջական խնդիրների պատճառով չեմ կարող բանակ գնալ»,- նշել է Արեգը:
Նրա ասելով, դատական գործընթացը մի նպատակ էր հետապնդում՝ խոչընդոտել իր քաղաքական եւ հասարակական գործունեությունը եւ մշտական լարվածության մեջ պահել, ինչը նրանց չի հաջողվել:
Ի դեպ, երեկ դատավարության ավարտից հետո Արեգ Գեւորգյանը դատավորին նվիրել է գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի՝ մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը:
Իսկ ահա Վերաքննիչ մեկ այլ դատարանում շարունակվել է ՀԱԿ երիտթեւի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով՝ «Խուլիգանություն», իսկ Սարգիս Գեւորգյանին՝ 316 հոդվածի 1-ին մասով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը»: Երկու մեղադրանքներով էլ, որպես պատիժ, նախատեսված է տուգանքից մինչեւ հինգ տարվա ազատազրկում: Երիտասարդ ընդդիմադիրների դեմ քրգործը հարուցվել էր անցյալ տարի, երբ նրանք ՀԱԿ ակտիվիստների ու համակիրների հետ միասին փորձել էին մտնել Ազատության հրապարակ, իսկ ոստիկանության բաժին էին տարվել Սարյանի արձանին հարող պուրակից, որտեղ քաղաքացիական հագուստով «մենթերը», որպես կանոն, վեճ ու քաշքշուկ էին հրահրել, հետո բերման էին ենթարկել նրանց «մշակելու» ու «խելքի բերելու» համար: Երեկ, սակայն, այդ գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործով անցնող վկաները եւ տուժողները չէին ներկայացել դատարան:
Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 28-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրանց դատապարտել էր 2 տարվա պայմանական ազատազրկման:
Դժվար է ասել, թե ընդդիմության նկատմամբ գործող իշխանությունների՝ այլեւս ավելի մեղմ վերաբերմունքի պայմաններում այս դատավարությունն ինչով կավարտվի, բայց որ այս երիտասարդների նկատմամբ տասնյակ մարդկանց աչքի առաջ բռնության ենթարկած քաղաքացիական հագուստով կամ համազգեստավոր ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել ու չեն էլ ենթարկվելու՝ հաստատ է: 2010-ի մայիսի 31-ի դեպքը ոստիկանների պրակտիկայում ո՛չ առաջին ու ո՛չ էլ վերջին դեպքն է: Այլախոհների նկատմամբ նման «պատժիչ» գործողություններ մինչ այս պարբերաբար եւ համակարգված ձեւով են իրականացվել, ու բացի ընդդիմադիրներից, ուրիշ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել: