Իսկ, գուցե, «Մարտի 1»-ի գործը քննող քննչական խմբի ղեկավարն ուղղակի ուզում է պատասխանատվությունից խուսափե՞լ:
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 20-ին պատկան մարմիններին տրված հանձնարարականը, որով նա ակնկալում էր «նոր թափ եւ ընդգծված ակտիվացում» հաղորդել 2008թ. մարտիմեկյան դեպքերի բացահայտման հարցում, կարծես թե, սկսել է նոր գործընթացներ հարուցել: Բայց նախ հիշեցնենք, թե ինչ էր ակնկալում եւ պահանջում Սերժ Սարգսյանը. «…ձեզ ուղղված իմ պահանջն է՝ կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ, որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»:
Հիշյալ հանձնարարականին հետեւեցին ոչ միայն ՀՔԾ-ի՝ նախաքննությանը նոր թափ հաղորդելու, 2008թ. մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանին հիվանդանոց տեղափոխած «Ժիգուլին» գտնելու ու նաեւ այդ դեպքերի ականատեսներին ՀՔԾ հրավիրելու մասին հաղորդագրությունները, այլեւ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի՝ անցած շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպելու փաստը: Այդ օրը նա հայտարարել էր, թե ՀՀ նախագահի հրահանգից հետո «մարտիմեկյան» դեպքերի առնչությամբ հարուցված գործը նոր ազդակ է ստացել, եւ հույս էր հայտնել, թե այս անգամ իրավապահները կաշխատեն արդյունքների հասնել: 1in.am-ի մատուցմամբ, Ա. Միրզոյանը տեղեկացրել էր, որ արդեն այս շաբաթվանից իրենք ավելի ծանրաբեռնված են աշխատելու, որովհետեւ անցած շաբաթվա վերջին ՀՔԾ են ներկայացել այդ գործով նախկինում հարցաքննված եւ չհարցաքննված վկաներ, որոնք հնարավոր է, որ նոր ցուցմունքներ տան: «Հարցաքննության ուսումնասիրությունից երեւում է, որ նրանց կարելի է լրացուցիչ հարցեր տալ, միգուցե կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Մենք հրավիրել ենք հնարավոր այն անձանց, ովքեր կարող են մեզ նոր տեղեկատվություն տալ»,- մանրամասնել էր ՀՔԾ պետը: Ավելին, Ա. Միրզոյանը հայտարարել էր, թե այժմ հնարավորություն կա «մեկ այլ տեսանկյունից նայել քրեական գործի ամբողջ ընթացքը, թե ինչպիսի գործողություններ են տարվել, նոր հանգամանքներ կարելի է ուսումնասիրման առարկա դարձնել, տեսնել՝ կա՞ արդյոք նոր փորձաքննությունների նշանակման հնարավորություն, նոր վկաների, ականատեսների, տուժողների ներկայացուցիչների լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն»՝ շեշտելով, որ քննչական խումբը համալրվել է, եւ այժմ այն բաղկացած է 15 քննիչից, ու չբացառելով, որ գործի քննությանը կարող են ներգրավվել նաեւ արտերկրից հրավիրված փորձագետներ: ՀՔԾ ղեկավարը շեշտել էր, թե քննության ընթացքում անպայման կօգտագործվեն «Մարտի 1»-ի գործով «Փաստահավաք խմբի» տրամադրության տակ եղած նյութերը՝ ասելով. «Փաստահավաք խումբը մեծ աշխատանք է կատարել, եւ այդ աշխատանքի արդյունքում ձեռք բերված ցանկացած ապացույց դրվելու է մեր ապացույցների կողքին»: News.am-ի մատուցմամբ էլ, Միրզոյանն ասել էր, թե «փաստահավաքի» զեկույցը հետաքննության ընթացքում ի գիտություն կընդունվի. «Այդ խմբի ցանկացած եզրահանգում կհամադրվի մեր եզրահանգումների հետ»:
Երեկ արդեն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ, «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ա1+»-ին եւ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցներում գործի բացահայտման ուղղությամբ լավատեսության հույս ներշնչող ոչինչ չի ասել, եթե չասենք՝ հակառակը: Այսպես, Վ. Հարությունյանը «Ա1+»-ին ասել է, թե քննչական խմբին առավելապես հետաքրքրում է 10 զոհերի մահվան հանգամանքների ու վիրավորվածների վերաբերյալ տեղեկատվությունը, նաեւ տեղեկացրել է, որ երեկ ՀՔԾ-ն հարցաքննել է 10 հոգու, որոնք մարտի 1-2-ի դեպքերի ականատես, վկա են եղել, բայց չէին հարցաքննվել մինչ օրս, ու հավելել՝ «ցավոք, պետք է նկատեմ, որ նոր բան չեն հայտնել հարցաքննվածները»:
Նա ասել է, որ որեւէ արձագանք չի ստացել նաեւ ՀՔԾ-ի տարածած հայտարարությունը, որով կոչ էր արվել այդ դեպքերի մասին որեւէ տեղեկատվություն, փաստ ունեցողներին օգնել նախաքննությանը:
Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի դեպքերին բանակի մասնակցության վերաբերյալ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցաքննությանը, ապա դրա անհրաժեշտությունը Վ. Հարությունյանն առայժմ չի տեսնում, թեեւ չի էլ բացառում, որ կհարցաքննեն. «Չեմ կարծում, որ բանակի մասնակցության փաստը բացահայտելու համար պետք է կամ բավարար է Մ. Հարությունյանի հարցաքննությունը»: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում քննչական խմբի ղեկավարը հավաստիացրել է, թե նաեւ ոստիկանության աշխատակիցների են հարցաքննելու: Ի դեպ, Վ. Հարությունյանը նաեւ մի ուշագրավ հայտարարություն է արել՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին: Նա ասել է, թե քննչական խումբը գտել է քաղաքացիական հագուստով այն երիտասարդին, որը 2008թ. մարտի 1-ին, օրը ցերեկով զինվում էր, ու հարցաքննել է ե՛ւ նրան, ե՛ւ նրա հրամանատարին, ու, ըստ էության, մի ապատեղեկատվություն էլ այդ պահին է տարածել՝ հավելելով, որ «եթե նախաքննական մարմինը նրան հայտնաբերած չլիներ, նրա տվյալները «Փաստահավաք խմբին» երբեք չէր հաջողվի գտնել»: Սա՝ այն դեպքում, երբ «փաստահավաքն» ինքն է ճշտել այդ երիտասարդի ինքնությունը, հարցաքննել է ու մատնացույց արել ՀՔԾ-ին: Անդրադառնալով «Փաստահավաք խմբի» գործունեությանը՝ Հարությունյանն «Ա1+»-ին ասել է, թե ՀՔԾ-ն, իրապես, ակնկալիքներ ունեցել է, որոնք, սակայն, չեն արդարացել. «Փաստահավաք խումբը չգործեց ըստ իր նպատակի, խումբը որեւէ փաստ չի հայտնաբերել, պարզապես փորձել է քաղաքական գնահատականներ տալ եւ խեղաթյուրել փաստերը»:
Ստացվում է՝ ՀՔԾ պետը դրական է գնահատել «փաստահավաքի» գործունեությունն ու այն քննչական խմբի ունեցած փաստերի հետ համադրելու անհրաժեշտություն է գտել, իսկ քննչական խմբի ղեկավարը սրբագրել է իր շեֆին, որովհետեւ միանգամայն ու արդեն վաղուց այլ կարծիք ունի Խմբի հավաքած փաստերի առնչությամբ, ինչի մասին նա առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում է: «Առավոտի» խնդրանքին՝ արձագանքելու այս երկու տարբեր հայտարարություններին՝ «Փաստահավաք խմբում» ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լավ կլինի, որ Ա. Միրզոյանն ու Վ. Հարությունյանը միասին ճշտեն, թե իրենցից ո՞ր մեկի գնահատականն է պետք հիմք ընդունել, որովհետեւ դրանք իրարամերժ են: Ինձ համար, օրինակ, հասկանալի չէ, բայց ինձ համար դա էական էլ չէ: Ինձ համար էականն այն է, որ «Մարտի 1»-ը բացահայտվի: Վ. Հարությունյանը երեք տարվա ընթացքում ապացուցել է, որ ինքն ունակ չէ բացահայտման ուղղությամբ լիարժեք գործողություն իրականացնել»: Իսկ ՀՔԾ պետն ասում է, թե պետք է քրգործի ամբողջ ընթացքը «մեկ այլ տեսանկյունից նայել»: Բայց արդյոք նրա ենթական՝ Վ. Հարությունյանը, որը նույնիսկ երկրի նախագահին չբավարարած նախաքննությունն իրականացնող պատասխանատու անձն է, որն անցած երեք տարիներին չի կարողացել սպանությունների հանգամանքները բացահայտել, ոչ միայն «փաստահավաքի» կուտակած հարուստ նյութերում չի «նկատել» իր քննիչների թույլ տված ապօրինությունների հետեւանքները, այլեւ հիմա էլ պնդում է, թե այնտեղ «Մարտի 1»-ի բացահայտման համար արժեքավոր ոչինչ չկա, ի վիճակի՞ է այս գործին հին «ուղեղով» նոր թափ հաղորդել: Դրան «փաստահավաքի» անդամ Ա. Քոչարյանն էլ է լրջորեն կասկածում: Ավելին, եթե կուզեք՝ Վ. Հարությունյանն է նաեւ, որ պիտի պատասխանատվություն ստանձներ ու կրի «Մարտի 1»-ի բացահայտումը որոշակիորեն տապալելու եւ մինչ օրս չբացահայտելու համար: «Քննչական խմբի ղեկավար Հարությունյանն ինքն էլ է պատասխանատվություն կրում երեք տարվա ընթացքում այդ գործերը չբացահայտելու համար: Հիմա էդ մարդը խոսում է փաստահավաքի փաստերի մասին: Թող նա մի կողմ դնի էդ փաստերն ու գործը բացահայտի: Միայն այդ դեպքում նա կարող է հերքել կամ հաստատել փաստահավաքի ապացույցները». սա արդեն Ա. Քոչարյանի դիտարկումն է: