Ընդդիմադիր գործիչները մեկնաբանում են ՀՀ նախագահի վերջին հարցազրույցը
«Մոսկովսկիե Նովոստի» թերթի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են՝ ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից եւ առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին քննադատելը նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ եւ իմ նախորդներին, եւ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան արել են»: Ակնհայտորեն, սա նոր մշակույթ է, եւ Սերժ Սարգսյանից առաջ նախագահներից եւ առաջին քարտուղարներից ոչ մեկը իր նախորդի մասին նման հայտարարությամբ հանդես չի եկել: «Առավոտը» երեկ միտումնավոր չզրուցեց իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ չփորձեց իմանալ նրանց կարծիքը վերոհիշյալ հարցազրույցի մասին, քանի որ բոլորը միաձայն գովերգելու էին եւ փառաբանելու: Մեզ ավելի հետաքրքիր էր իմանալ ընդդիմադիր դաշտում գործող գործիչների մեկնաբանությունները:
Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Իհարկե, բավականին հանդուրժող դիրքորոշում է արտահայտել Սերժ Սարգսյանը, որը առաջին հայացքից մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ շատ բարի եւ շատ հանդուրժող մարդու խոսքեր են: Դրանք ընդամենը հասարակության համար հնչած արտահայտություններ են, բայց դիրքորոշում չեն: Ես այդպես չէի ասի, եթե Սերժ Սարգսյանի մոտ այս տարիների ընթացքում տեսնեի իրական տոլերանտ մոտեցում երկրում ապրող մարդկանց նկատմամբ: Առաջին եւ երկրորդ նախագահներին շնորհակալություն հայտնելը ազգային տեսակետից ճիշտ է, ինքը կայացել եւ որպես գործիչ ձեւավորվել է առաջին նախագահի ժամանակ եւ վայելել է առաջին նախագահի բավականին լուրջ վստահությունը, հետո, զարմանալիորեն, ավելի բարձր կարգավիճակ է ունեցել երկրորդ նախագահի ժամանակ եւ, ի վերջո, դարձել է հանրապետության նախագահ: Եթե նա այդ խոսքերն ասեր 2008-ի փետրվարի վերջին կամ մինչեւ մարտի մեկը, ինձ համար դա փայլուն կլիներ, եւ ես վստահ կլինեի, որ մեր երկիրը քաղաքական ապագա ունի, բայց մենք դրանք լսում ենք երեք տարի հետո: Դրանով փորձ է արվում Սերժ Սարգսյանի կողմից այս երկիրը բերել հանդարտ եւ հանգիստ վիճակի: Եվ եթե դրանք չմնան ընդամենը խոսքեր, ասվածը գործի վերածվի, որում ես կասկածներ ունեմ, այդ դեպքում արդեն որոշ ժամանակ անց կարելի կլինի այդ խոսքերին գնահատական տալ»:
«Առավոտը» հիշեցրեց, որ երեք տարի առաջ եւս խոսվեց չհասկացվածության պատը քանդելու եւ այն մասին, որ մյուս հրապարակում կանգնածները եւս «մեր քույրերն ու եղբայրներն են»: Հովհաննես Հովհաննիսյանը եւս հիշում էր այս խոսքերը, սակայն այն կարծիքին է, որ չհասկացվածության պատը կարելի էր քանդել երեք տարի առաջ:
Վերոհիշյալ հարցազրույցում պատասխանելով Ղարաբաղին առնչվող հարցին՝ ՀՀ նախագահն ասել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն. «Հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին առաջանա, մինչդեռ վերջին 20-30 տարիներին աշխարհի քարտեզին տասնյակ նոր պետություններ են հայտնվել»: Իսկ հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Սերժ Սարգսյանն ասել է՝ քանի որ բանակցություններ են ընթանում, եւ այդ ճանաչումը կնշանակի բանակցությունների տապալում. «Ամեն դեպքում ավելի լավ է բանակցություններ վարել»: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համամիտ է. «Քանի կա բանակցային գործընթաց, Հայաստանն իրավունք չունի միակողմանիորեն ճանաչել ԼՂՀ անկախությունը, սա շատ մեծ հարված կլինի կարգավորման գործընթացին: Իսկ Ղարաբաղի հարցի կարգավորման մոտակա հեռանկարը չի երեւում, կան մի քանի պատճառներ, եւ այս փուլում հատկապես կարեւոր է, եւ կարծես թե Սերժ Սարգսյանն այդ մասին շեշտել է, որ առավելագույնս ապահովված լինի Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, եւ բացառվեն պատերազմի վերսկսման ռիսկերը: Սա պետք է լինի կարգավորման գործընթացի այս փուլի գլխավոր նպատակը, եւ կարծես թե հենց սրան են ձգտում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Ղարաբաղի հարցի կարգավորման մասին ՀՀ նախագահի հնչեցրած մտքերը մեկնաբանելով՝ Հովհաննես Հովհաննիսյանը եւս նկատեց. «Իհարկե, պետք է բանակցությունները շարունակվեն, մի քանի տաքգլուխներով հայտարարում են, թե Հայաստանը պիտի ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այս պահին դա սխալ կլինի, պիտի բանակցությունները շարունակվեն հենց Մինսկի խմբի շրջանակներում, մենք այլընտրանք չունենք: Ես հակված չեմ ասել, թե Սերժ Սարգսյանը Ղարաբաղը ծախում է, ես այդպիսի բան չեմ ասել եւ չեմ կարող ասել, բայց խնդիրն այստեղ ուրիշ է, Մադրիդյան սկզբունքներին, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության սկզբունքին Ադրբեջանը սեփական մեկնաբանությունն է անում, Հայաստանը փորձում է իրենն անել, նույնը եւ մյուս սկզբունքների մասով: Սա նշանակում է, որ երկուսն էլ այս սկզբունքները տեսնում են իրենց սեփական պատկերացումներով»: