Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անգրագետ վերաբերմունք՝ նրանց նկատմամբ

Մայիս 14,2011 00:00

\"\"Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 1040 գրանցված մարդ կա

Մայիսի 15-ին Երեւանի Սիրահարների այգում ժամը 21.30-ին տեղի է ունենալու ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառություն՝ «Դիպչելով սրտերին» խորագրով:
Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի համանախագահ Սեմ Թադեւոսյանը:
Ս. Թադեւոսյանը նշեց, որ մոմավառությունը 28-րդ միջազգային արարողությունն է, որին Հայաստանը միացել է դեռ 2005 թվականից. «Ամբողջ աշխարհում մայիս ամսվա 2-րդ կիրակի օրը վառվում են մոմեր՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: Այդ օրը Հայաստանն էլ կմիանա աշխարհին, քանի որ մեր երկրում էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվը բավական շատ է»:
«Դրական մարդկանց իրական ցանց» հ/կ-ի նախագահ Անահիտ Հարությունյանն էլ հավելեց, որ Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, գրանցված 1040 ՄԻԱՎ-ով ապրող մարդ կա. «Սա մտահոգիչ ցուցանիշ է, բայց թիվը հարաբերական է, քանի որ 1040-ը ընդամենը գրանցվածների թիվն է, դեռ որքան վարակակիրներ կան, որ դրսում են: Մոտավոր հաշվարկներով Հայաստանում կա 1900 ՄԻԱՎ-ով ապրող մարդ: Բայց տարածաշրջանում վարակվածության քանակը ավելի մեծ է»:
Բանախոսներն անհանգստացած են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքից:
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը նշում է, որ 1040-ն արդեն մտահոգիչ թիվ է Հայաստանի պես  փոքր երկրի համար. «Թիվը կմեծանա, եթե շարունակենք այսպես անտարբեր մնալ խնդրի հանդեպ: ՄԻԱՎ-ով ապրող անձինք հիմնականում թաքցնում են, որ վարակակիր են, որովհետեւ վախենում են հասարակության արձագանքից: ՄԻԱՎ-ով ապրող մարդը իրեն չի կարող զգալ պետության լիիրավ քաղաքացի՝ այն պարագայում, երբ տվյալ անհատի իրավունքները ոտնահարվում են հասարակության կողմից խարանի եւ խտրականության արդյունքում: ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ խտրական վերաբերմունքը խանգարում է նաեւ իրազեկվածությանը, որն էլ իր հերթին չի նպաստում այս հիվանդության կանխարգելմանը»:
Մ. Հովսեփյանը անդրադարձավ նաեւ բժշկական հաստատություններում բժիշկների անփութությանը, որ եթե բացահայտում են, որ հիվանդը նաեւ ՄԻԱՎ վարակակիր է, գաղտնիություն չեն կարողանում ապահովել: Մամիկոնի այս խոսքի վրա Ա. Թադեւոսյանը ներկայացրեց օրերս բժշկական գաղտնիքը չպահպանելուն առնչվող դեպք՝ Արմավիրի մարզում. «Երեխային տարել են վիրահատության եւ բժիշկները պարզել են, որ հայրը ՄԻԱՎ վարակակիր է, ու ամբողջ հիվանդանոցում այդ հարցն է քննարկվել: 3-4 օր ընտանիքը չէր կարողացել տեսակցել վիրահատված երեխային: Գաղտնիքը հանրությանն են հասցրել հենց բժիշկները: Սա անհասկանալի պահվածք է բժշկի կողմից: Այս հարցը արդեն գյուղապետարանում, քաղաքապետարանում եւ ամբողջ շրջանում դարձել է քննարկման առարկա: Ցավալի է, բայց նման դեպքեր շատ ենք ունենում: Մարդիկ անգամ դրա պատճառով տուն են ծախել ու գնացել ուրիշ տեղ, որ հանգիստ ապրեն»:
Մ. Հովսեփյանը գտնում է, որ «բուժհաստատություններում աշխատողները պետք է մեծ ուշադրություն դարձնեն «բժշկական գաղտնիք» ասվածին, ինչը դեռեւս Հայաստանում շատ լուրջ խնդիր է: Հաճախ են բացահայտվում բժշկական գաղտնիքները, եւ տուժողները չեն էլ դիմում դատական ատյաններին՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Պետությունը պետք է հոգա բժշկական գաղտնիքի պաշպանության հարցը, քանի որ սա հենց պետության պարտականությունն է»:
Ա. Հարությունյանը հավելեց, որ մոմավառության ակցիան անցկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստի նախաշեմին, որտեղ քննարկվելու են 10 տարի առաջ ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պարտավորությունների հռչակագրի կատարման արդյունքները՝ «ցանկալի կլիներ ՄԱԿ-ի ամբիոնից լսել ՀՀ վարչապետի խոսքը, ինչը կհաստատեր, որ մեր կառավարությունն իսկապես կարեւորում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրները, բայց վարչապետը հրաժարվել է մասնակցել այդ կարեւոր համաժողովին»:
Կիրակի օրը մոմավառություն լինելու է նաեւ Գյումրիում եւ Վանաձորում, իսկ երեւանյան մոմավառությանը միանալու է նաեւ «Կարմիր խաչը», որի նախաձեռնությամբ տեղի է ունենալու մոմերով երթ դեպի Կոմիտասի արձանի հարակից պուրակ: Նախքան մոմավառությունը, երեկոյան ժամը 6-ից Սիրահարների այգում լինելու են մի շարք միջոցառումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված համերգ: Ներկաներին ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի բաժանվելու են պահպանակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել