Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի հայ չեմպիոն, բայց ոչ Հայաստանից

Մայիս 14,2011 00:00

Լիմայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանիների 2-րդ առաջնությունը: Տղաների 69 կգ քաշային կարգում երկամարտի 288 (126+162) կիլոգրամով չեմպիոն հռչակվեց Ռազմիկ Հունանյանը: Սակայն մեր հայրենակիցը հանդես էր գալիս Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո:
Մեր երկիրն այս քաշային կարգում ներկայացնում էին 17-ամյա Ռազմիկ Օլտեցյանը եւ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին՝ 16-ամյա Վարդան Միլիտոսյանը: Ռազմիկն արդյունավետ կատարեց երկու վարժություններում ընձեռվող բոլոր վեց մոտեցումները: Պոկումում նրա 127 կգ-ն հինգերորդ արդյունքն էր, հրումում 154 կգ-ն՝ երրորդը, ինչի համար նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի, իսկ երկամարտի 281 կիլոգրամով հայաստանցի ծանրորդը ճանաչվեց չորրորդը:
Ավելի համեստ հանդես եկավ Վարդան Միլիտոսյանը: Առաջին մրցաձեւում նա 122 կգ-ով ութերորդն էր, երկրորդում (145 կգ)՝  յոթերորդը, իսկ երկամարտում՝ ութերորդը (267 կգ):
Նույն օրը, բայց մի փոքր ավելի ուշ, 58 կգ քաշային աղջիկների պայքարի ավարտին պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ կրկին Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Անի Սարգսյանը: Չնայած հայ աղջնակը պոկում վարժությունում 71 կիլոգրամով յոթերորդն էր, երկրորդ վարժությունում կարողացավ զգալիորեն բարելավել դիրքերը եւ 98 կիլոգրամով նախ նվաճել փոքր բրոնզ, իսկ երկամարտում (169 կգ) դառնալ իր քաշային կարգի աշխարհի պատանիների երրորդ մրցանակակիր:
Երեկ պայքարի մեջ ներգրավվեցին տղաների 77 եւ 85 կգ քաշայինները: Առաջինում Հայաստանը պատվիրակ չունի, իսկ երկրորդում հանդես էր գալու Միքայել Միքայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել