Նախագահն ուժային կառույցների ղեկավարներին հորդորել է նոր ուղիներ գտնել մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ սպանությունները բացահայտելու համար:
Կարծում եմ, արտառոց ոչինչ չկա, խորհրդակցությունում հարցադրում է արվել, նախագահն էլ իր տեսակետը արտաբերել է: Այլ բան էր, երբ ավելի քան 3 տարի գործը սառեցնելու եւ պատասխանատուներին ի հայտ չբերելու համար նախագահը իր իրավասությամբ պատժեր հետաքննությունը ձախողող պաշտոնյաներին եւ հսկողություն սահմաներ գործը մինչեւ վերջ բացահայտելու համար:
Անցյալ տարի Մոսկվայում, երբ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի համակրին սպանեցին, երկրի առաջին դեմքերը արձագանքեցին, ժողովուրդը ապստամբեց, վարչապետը սպանվածի շիրիմին ծաղկեպսակ դրեց, իսկ հարազատներին կորստի համար փոխհատուցեցին: Հիշյալ դրվագով նկատվեց, որ պետությունը պաշտպանում է իր քաղաքացուն եւ հոգում նրա համար, իսկ ժողովուրդն անտարբեր չէ:
Մարտի 1-ի իրադարձությունների թեժ պահին հայոց նախագահը եթերում ստում էր, իբր մարդիկ հրազենից կրակում են եւ թաքնվում, այնինչ՝ անզեն քաղաքացիներին գնդակահարում էին իր գիտությամբ:
Մեր վարչապետը կամ Ազգային ժողովը չցավակցեցին անմեղ զոհերի հարազատներին եւ լլկած արյունը չփոխհատուցեցին: Դեպքերն ավելի քան 3 տարվա վաղեմություն ունեն. ո՞վ է տեսել կամ լսել, որ պետության այրերը մտահոգվեն այդ քրեական գործի վարույթով կամ ժողովուրդը ըմբոստանա: Մեր պետությունն էլ այսպես է պաշտպանում իր քաղաքացուն, մենք էլ անտարբեր ենք եւ վախկոտ: Իմիջիայլոց, Ռուսաստանի Դաշնության առաջին դեմքերը հետեւում են նաեւ աղմկահարույց քրեական գործերի ընթացքին: «Դոմոդեդովո» օդանավակայանի մահապարտ ահաբեկչի ինքնությունը երբ պարզվեց, վարչապետը եւ ֆեդերալ անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարեցին, թե ահաբեկչությունը բացահայտվել է, Մեդվեդեւը նրանց կոշտ հակադարձեց, մեկնաբանելով, որ ինքնության ճշտումը թերեւս հանցագործության բացահայտում չի նշանակում, գործը վերցրեց հսկողության տակ, այնուհետեւ կալանվեցին այլ հանցակիցներ:
Մարտի 1-ի իրադարձությունների գործով մեր իշխանավորների քար անտարբերության առթիվ բերեմ երկու օրինակ.
1. Հրազենի գործադրմամբ 10 մարդ է սպանվել, ավելի քան 200-ը վիրավորվել է: Տուժողների մարմնից հանված գնդակներով կամ բեկորներով, ինչպես նաեւ տեղանքից առգրավված պարկուճներով, դեռեւս ոչ մի հրազեն չի անհատականացվել, եւ թե ում է պատկանում հրազենի այդ խմբաքանակը՝ մնացել է անհայտ: Այս պարագայում մեր ղեկավարները քրեական վարույթը իրականացնող մարմնին կամ հսկող դատախազին չհակադարձեցին, թե այդ ինչ առեղծված է:
Հայտնի ոստիկանապետին՝ «իրադարձությունների պատվավոր պատասխանատուին», ում շոյելով ներկայումս նորանոր պաշտոններ են առաջադրում, երբեւէ չնեղեցին, թե, եթե ձեր եւ ղեկավարածդ համակարգի ոստիկանների աչքի առաջ այլքն է գնդակահարել անզեն քաղաքացիներին, ապա ինչու չվնասազերծեցիք հանցագործներին (դիպուկահարներ էլ ունեիք):
Նրան չպատժեցին գործադրված հրազենի խմբաքանակը չհայտնաբերելու համար, ինչը իրական սպառնալիք է հասարակության անվտանգությանը, իհարկե, եթե դրանք այլոց հրազենն է (Մեդվեդեւը՝ ոչ արհեստավարժ, խոտան գեներալներից մաքրում է համակարգը):
2. Երբ պարոն Նիկոյանը, ով անտեղյակ է քրեական գործի վարույթից, հայտարարեց, թե մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում իշխանության ներկայացուցիչների գործողությունները եղել են օրինաչափ, ցուցարարների նկատմամբ գործադրվել է «համաչափ» ուժ, իսկ սպանությունների հանգամանքները պարզաբանվել են պատշաճ, Ազգային ժողովում բազմած կարկառուն իրավագետները նրան իրավասության սահմանները անցնելու եւ իրականությունը նենգափոխելու համար չընդդիմացան:
Իմ պատկերացմամբ, հորդորից էական որեւէ բան չի փոխվելու, որովհետեւ՝
ա) Սառեցված քրեական գործերի ընթացքը նորոգելու վերհիշումը կամ պահանջը պայմանավորված է քաղաքական ճնշումների հետ (Եվրախորհուրդ, ՀԱԿ):
բ) Պատասխանատուներին ի հայտ բերելու ցանկությունը կասկածելի է, քանզի այդ պարագայում իշխանության բուրգը կփլուզվի (առաջին դեմքերից յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի):
գ) Գործը մինչեւ վերջ բացահայտելը բարդ խնդիր է: Նախ կորսվել է ժամանակը, ապացույցները խեղաթյուրվել են, իսկ հետաքննությունը անկախ չէ:
Հանձնարարականի գծագրությունից նկատվում է, որ հերթական կուտն են նախապատրաստում հրամցնելու միջազգային կառույցներին, ըստ որում, «չերյոմուխայից» կրակող անտեղյակ ոստիկանների նկատմամբ քրեական հարկադրանք են կիրառելու, իբր բացահայտել են 3 սպանությունները: Անկեղծ ասած, ողջունում եմ հետեւյալ միտքը. «միգուցե մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այդ ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն»:
Իրավ, հանցագործությունները կանխարգելելու եւ բացահայտելու դժվարին աշխատանքում հասարակության օժանդակությունը կարեւոր գործոն է, մինչդեռ դա հիմնվում է փոխադարձ վստահության պարագայում, երբ կողմերը միմյանց ազնվության, արդարության, ճշմարտության կամ բարեխղճության շուրջ համոզվածության են գալիս: Կարծում եմ, ժողովուրդը ուժային կառույցների նկատմամբ անվստահություն եւ կասկածանք ունի, ինչի բուն պատճառը ստորեւ բերված եւ այլ հակադրություններն են:
– Խաղաղ հավաքներ կազմակերպողների եւ մասնակիցների նկատմամբ սարքում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքներ, զրկում ազատությունից եւ բանտում կտտանքների ենթարկում:
– Անդեմ ոստիկանները շուրջկալների միջոցով այլախոհներ են որսում, իսկ դատարանը կարմիր վկայականը ցուցադրելու ապացույցով անօրինական դատավճիռ է կայացնում (Սամսոն Խաչատրյանի գործով):
– «Նախագահին պետք է սպանել» արտաբերած բառերը որակում են ահաբեկչական ակտ եւ կալանում սփյուռքահային (միջազգային իրավապաշտպան, պատմաբան Ավետիս Կալաջյան):
– Թղթակցի հետ հարցազրույցը, որում անձը բարեխիղճ մոլորությամբ իր լսածը փոխանցել է լրագրողին, իբր Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը նախագահի նկատմամբ նախապատրաստում են մահափորձ, որակվում են մատնություն ու զնդանում ֆրանսահայ ազատամարտիկին եւ փոքրոգությամբ վաղաժամկետ չեն ազատում (Սարգիս Հացպանյան):
– Երբ սարքված մեղադրանքներով պատկան մարմինները հարկադրված են լինում քրեական հետապնդումը դադարեցնել եւ վարույթը կարճել, որոշումներում հիմքերը նենգափոխում են եւ կասկածանքի տակ դնում անձի անմեղությունը (Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան):
-«Չերեզ» SMS-ներով քրեական գործեր են հարուցում եւ պատրվակ ծառայեցնում անձի նկատմամբ վայրագություններ կատարելու եւ նրա ունեցվածքը ապօրինի խլելու համար (Սարիբեկ Սուքիասյան):
Մարդկանց մոտեցումները կփոխվեն, երբ վերացնեք հակադրությունները: