Այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը APA-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, թե Հարավային Կովկասում անվտանգությունը ՆԱՏՕ-ի համար շատ կարեւոր խնդիր է: Նա «սառեցված հակամարտությունները» որակել է որպես Կովկասում անվտանգության պոտենցիալ սպառնալիք՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն եւ նրա դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, փորձում են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել:
«Սպառնալիքները չեզոքացնելու միակ ճանապարհը պետությունների եւ կազմակերպությունների միջեւ լայն համագործակցությունն է: Մենք լայն հնարավորություններ ունենք անվտանգություն ապահովելու ոչ միայն Եվրոպայում, այլեւ եվրաատլանտյան ողջ տարածքում, այդ թվում՝ նաեւ Կովկասում: ԱՄՆ-ն այդ գործընթացում կարող է առաջատար ուժ դառնալ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Աղբյուրի փոխանցմամբ, Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների մի շարք գերատեսչություններում, այդ թվում՝ Պենտագոնում: Ջոն Հոփքինսի համալսարանում Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով մասնագետների համար դասախոսություն կարդալիս նա ներկայացրել է այդ տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի առաջ ծառացած անվտանգության նոր մարտահրավերների ու նաեւ Ալյանսի կողմից վարվելիք նոր քաղաքականության մասին: