Չինաստանի հյուսիս-արեւելյան Գանսյու նահանգում, որի բնակչության մեկ երրորդը տիբեթցիներ են, բանկի վրա կատարված հարձակման արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել ու վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով չինական «Սինխուա» պետական գործակալությունը:
Աղբյուրի մատուցմամբ, Credit United Cooperative բանկի նախկին աշխատակիցը, առավոտյան խորհրդակցության պահին, դյուրավառ հեղուկով շիշ է նետել շենքի տարածք: Արդյունքում 39 մարդ վիրավորվել եւ այրվածքներ է ստացել, նրանցից 6-ի վիճակը ծանր է: Ականատեսների պատմելով, կրակով «գրկված» մարդիկ իրենց դուրս են նետել պատուհաններից, մյուսներին բժիշկները բանկի շենքից պատգարակներով են դուրս բերել:
Բանկի նախկին աշխատակից Յան Սյանվենը աշխատանքից հեռացվել էր մեկ ամիս առաջ՝ փող կողոպտելու կասկածանքով: «Նա իրեն հասցված վիրավորանքը չէր մոռացել եւ որոշել էր վրեժխնդիր լինել իր գործընկերներից»,- ասված է դեպքի առնչությամբ նահանգային իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ:
Չինաստանում նման հարձակումները հազվադեպ երեւույթ են, բայց վերջին շրջանում տարբեր նահանգների բնակիչներ իրենց խնդիրների վրա ուշադրություն սեւեռելու համար ավտոբուսներ ու շենքեր են այրել: