Լրահոս
Օրվա լրահոսը

AMNESTY INTERNATIONAL-Ը ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Մայիս 14,2011 00:00

Ռուսաստանում դատարաններն ու մամուլը կախված են իշխանություններից, կոռուպցիան ծաղկում է, իսկ հասարակական բողոքը, հակառակ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոստումների, ճնշվում է: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին ասված է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության՝ Amnesty International-ի հրապարակած տարեկան զեկույցում:
«Մի կողմից՝ իհարկե, լավ է, որ նա (Մեդվեդեւը) պարբերաբար խոսում է իրավապաշտպան կազմակերպությունների եւ անկախ մամուլի հանդեպ հարգանքի մասին, կոչ է անում դատարաններին ավելի անկախ լինել, բայց առայժմ դա կոնկրետ գործողության չի վերածվել»,- ասել է իրավապաշտպան կազմակերպության՝ ՌԴ գծով փորձագետ Ֆրեդերիկա Բերը՝ ներկայացնելով ՌԴ-ում 2012 թ. նախագահական ընտրություններից առաջ հրապարակված այս վերջին զեկույցը:
«Երկրի ղեկավարությունը շարունակել է շեշտել իր հավատարմությունը մոդեռնիզացիային, այդ թվում՝ օրենքի գերակայության ամրապնդմանը եւ դատական համակարգի բարեփոխմանը, սակայն, լայն հանրության կարծիքով, այդ խնդրի իրականացմանը խոչընդոտել են արմատավորված կոռուպցիան եւ իշխանության թեւերի տարանջատման անարդյունավետությունը»,- ասված է ուրբաթ օրը հրապարակված փաստաթղթում:
Որպես ուժային կառույցների եւ դատարանների գործունեության վատ օրինակ, իրավապաշտպանները մատնանշել են բանտի մեկուսարանում իրավական Սերգեյ Մագնիտսկիի մահը, ինչի համար որեւէ մեկը չի պատժվել, նաեւ անցյալ տարեվերջին ՅՈՒԿՕՍ-ի գործով Միխայիլ Խոդորկովսկուն եւս վեց տարվա ազատազրկման դատապարտելու փաստերը: Իրավապաշտպան կազմակերպությունը, վկայակոչելով Խոդորկովսկու փաստաբանին, շեշտել է, թե գործարարի նկատմամբ հետապնդումը քաղաքական շարժառիթներ ունի, ու հիշեցրել է դատավճռից առաջ՝ ՌԴ վարչապետ Պուտինի կողմից անմեղության կանխավարկածի խախտմամբ արած այն հայտարարությունը, թե՝ «գողը պիտի բանտում լինի»:
Amnesty International-ը անդրադարձել է նաեւ հավաքների ազատությանը եւ ընդգծել, թե Մեդվեդեւի օրոք՝ վերջին երեք տարիներին, իշխանության հակառակորդներին սկսել են ավելի խստորեն ծեծել, բայց նրանց շարքերը ավելացել են, եւ «անհամաձայններին» վախեցնել չի հաջողվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել