Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԱՂԲԸ ԼԱՎ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Մայիս 14,2011 00:00

Երեկ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը հայտարարել է, որ 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 77 տոկոս, որը 12.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարզի միջինից բարձր կատարողական ապահովել է 46 համայնք, իսկ միջինից առավել ցածր՝ 17 համայնք: Նախորդ տարիներից կուտակված պարտքերը զրոյացրել է ընդամենը 2 համայնք, նման պարտքեր ունեցող մնացած 22 համայնքները մինչեւ տարեվերջ պարտքերը կարող են մարել մոտ 60 տոկոսով:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Մելքոնյանն էլ հայտարարեց, որ ՀՀ պետբյուջեով մարզի առողջապահական ձեռնարկություններում նախատեսված 923 միլիոն դրամի պետպատվերը որոշ տեղերում թերակատարվել է, իսկ Մարտունու «Բի-Բի-Ջի» բժշկական կենտրոնում պետպատվերով բուժման համավճարները գանձվել են ոչ թե հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառմամբ, այլ բժիշկների միջոցով:
Փետրվարի 22-ին տեղեկացրել ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանը դեմ է «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագծին», ըստ որի՝ մարզում գործող 27 գլխավոր աղբավայրի փոխարեն կլինի 5 աղբավայր (աղբաբեռնման կայան), որոնք պետք է կառուցապատվեն, ցանկապատվեն, ունենան բետոնապատ հատակ, հոսող ջուր եւ այլ կոմունիկացիաներ: Մարզպետարանը առաջարկում է նախ աղբավերամշակման գործարանը կառուցել, նոր միայն 27 աղբավայրից ստանալ 5 աղբաբեռնման կայան:
Երեկ խոսելով աղբի ու աղբահանության մասին, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը ասել է, որ աղբահեռացման եւ աղբավայրերի շահագործման հարցում համայնքներում իրականացված աշխատանքները գոհացուցիչ չեն:
Այս հայտարարությունից հետո Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում աղբակույտերից մաքրել բոլոր տարածքները՝ գործի դնելով բոլոր միջոցներն ու հնարավորությունները ու խոստացել, որ թերացողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել