Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏԱՐԻՔԴ ՄԵԾ Է, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԴ՝ ՓՈՔՐ»

Մայիս 14,2011 00:00

\"\"Այս հիմնավորմամբ՝ Հայաստանի բանկերը մերժում են գյուղացիներին

Կառավարության՝ դեմքով դեպի գյուղացին շուռ գալու ծրագիրը նշանակում էր, որ հայրենի կառավարությունն ի վերջո հասկացել է, որ քաղաքին կերակրողը գյուղն է: Այն գյուղը, որի բնակիչներից շատերը դեռ նախորդ տարիներից չեն կարողանում ազատ շնչել՝ կքած են բանկերից վերցրած բարձր տոկոսադրույքներով վարկերի տոկոսների տակ: Ոմանք էլ դատարանների դռներն են մաշում: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ դատական քաշքշուկների մեջ չհայտնվելու համար՝ մարդիկ իրենց տունն են վաճառել ու փակել հաշիվները բանկերի հետ:
Գյուղացուն շահեկան պայմաններով վարկեր ապահովելու համար ՀՀ կառավարությունը խոստացավ, որ Հայաստանի առեւտրային բանկերից վերցվելիք 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկի 4 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Գյուղացիներին գրավեց ու հրապուրեց այս նախաձեռնությունը: Բայց մինչ գյուղացու համար խոստացած 10 տոկոսանոց վարկ տրամադրելը, բանկերի ներկայացուցիչները այցելում են համայնքներ, հանդիպում հողագործներին, ներկայացնում իրենց պայմաններն ու պահանջները:
Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչներին զարմացրել էր վարկատուի՝ դրամատների սահմանած տարիքային շեմը: «Երբ «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի ներկայացուցիչն ասաց, որ վարկ են տրամադրելու մինչեւ 60 տարեկան քաղաքացիներին, զարմացանք: Ախր, մեր գյուղի ջահելների մեծ մասը վաղուց Հայաստանից դուրս է եկել: Հողի հիմնական մշակներ՝ ծերերս ենք մնացել: Բա որ մեզ էլ վարկ չի հասնում, էլ ո՞նց ենք հողի մշակությամբ զբաղվելու»,- ասաց Լեռնամերձի բնակիչ Ազատ Բարսեղյանը: Ըստ նրա՝ եթե մի երկրում աշխատանք են առաջարկում մինչեւ 25 տարեկան բարետես աղջիկների, ուրեմն՝ պիտի չզարմանանք, որ վարկ էլ տրամադրում են մինչեւ 60 տարեկաններին: «Էդ ներկայացուցչին ասացի՝ Ամերիկայում 80 տարեկան մարդը նախագահի թեկնածու է առաջադրվում եւ ոչ ոք չի ասում՝ եկեք տարիքային ցենզ սահմանենք, որովհետեւ 80-ամյա մարդը կարող է ընտրվի ու չհասցնի ղեկավարել: Ամերիկայում հասկանում են, որ տարիքային սահմանափակմամբ նախ ցավեցնում են մարդուն եւ հետո՝ ոտնահարում նրա ազատ ապրելու կամքը: Իսկ մերոնք թափանցիկ ակնարկում են, որ այս երկրում 60-ից հետո ոչ ոքի ու ոչնչի պետք չես»:
Լեռնամերձցիների ասելով՝ գյուղի այն մի քանի ջահելներն էլ, որ վարկ ստանալու ծրագիր էին ներկայացրել, առավելագույնը 300 000 դրամ ստացան: «Ավելի չեն տալիս՝ նույնիսկ գրավի դիմաց: Ասում են՝ եթե քաղաքում տուն ունես, բեր դիր գրավ, ինչքան ուզում ես վերցրու, բայց գյուղի տունը կամ հողը չեն վերցնում. հասկանում են, որ արժեք չունի, վաճառել չեն կարող»,- պատմում են լեռնամերձցիները:
Ըստ գյուղացիների՝ այդ 300 000 դրամն էլ, որ ստանում են՝ նախորդ տարիներին բանկերից վերցրած վարկի տոկոսն են փակում, արդյունքում նորից մնում դատարկաձեռն:
Նրանց հաշվարկով՝ բանկի տրամադրած 300 000 դրամը կբավարարի միայն հողի մշակությունը սկսելու համար: 1 հեկտար հողի վարն ու մարգեր հանելը արժե 70 000, սերմացուն՝ 50 000 դրամ: Յուրաքանչյուրը 8000 դրամով 20 պարկ պարարտանյութն էլ որ հավելում ենք՝ կազմում է 240 000 դրամ: «Այսինքն՝ հողը վարեմ, 20 պարկ պարարտանյութն առնեմ ու նստեմ՝ նայե՞մ»,- ասաց Ազատ Բարսեղյանը:
Տարիքային սահմանափակումը մի կողմից, ներկայացված ծրագրերի դիմաց ակնկալվող գումարը կրճատելու՝ բանկերի քաղաքականությունն էլ մյուս կողմից, անորոշության մեջ է գցել նաեւ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչներին: Հովտամեջցի 30 դիմումատուներից բանկը 16-ին է վարկ տրամադրել: 10-ը մերժվել է, չորսն էլ ինքնակամ է հրաժարվել: Հրաժարվողներից մեկը Հովհաննես Սարգսյանն է, ով ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով 2,5 միլիոն դրամ արժեքով ծրագիր էր ներկայացրել: «Մեկ միլիոն էին տալիս, որով հնարավոր չէր ջերմոց հիմնել: Իզուր անուն հանեի՝ վարկ վերցնեի, որ ի՞նչ անեի»,-«Առավոտին» ասաց Հովհաննես Սարգսյանը:
Վարկերից հրաժարված մյուս հովտամեջցիներին նույնպես բանկը մերժել է տրամադրել ակնկալած գումարը: 1 միլիոն դրամանոց ծրագիր ներկայացնողին 200 000 են առաջարկել, կես միլիոնանոցին՝ 300 000 դրամ եւ այլն: «Ասում էին՝ տնտեսությունդ չի բավարարում, որ մեծ գումարներ տրամադրենք: Բայց մենք նախկինում էլ ենք մեծ վարկեր վերցրել ու ժամանակին փակել»,- զարմանում, զայրանում են գյուղացիները:

Հ. Գ. Որ գյուղատնտեսական վարկերը թանկ են եւ ոչ գրավիչ՝ երեւում է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած մարտ ամսվա տեղեկագրում: Ըստ այդ տեղեկագրի, մարտին հայաստանյան առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է. դրամային վարկերի համար՝ 15,6 տոկոս, դոլարային վարկերի համար՝ 11,6 տոկոս:
Ամենաբարձր տոկոսադրույքով վարկեր տրվում են գյուղատնտեսությանը, իսկ ըստ աշխարհագրական բաշխվածության՝ Երեւանից հեռու մարզերին։ Հայաստանի մարզերից ամենաբարձր տոկոսադրույքով վարկեր տրվում են Գեղարքունիքում (դրամով՝ 20,6 տոկոս, դոլարով՝ 16,5 տոկոս): Լոռիում, Շիրակում, Տավուշում եւ Արագածոտնում էլ վարկերի տոկոսադրույքները բարձր են։ Էժան վարկեր են տրվում Երեւանում (դրամով՝ 14,2 տոկոս, դոլարով՝ 11,2 տոկոս):
Ըստ ոլորտների: Ամենաթանկը գյուղատնտեսական եւ սպառողական վարկերն են, ամենաէժանը՝ էներգետիկա ուղղվող վարկերը: Գյուղատնտեսությանը տրամադրվող դրամային վարկերի միջին տոկոսադրույքը մարտին կազմել է 21,6 տոկոս, իսկ դոլարային վարկերինը՝ 15,7 տոկոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել