Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանն օրեր առաջ է վերադարձել Ավստրիայից:
Նրա տեղեկացմամբ, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժինը հանդիսանում է պայթուցիկ նյութերի փորձագիտական աշխատանքային խմբի ասոցացված անդամ, որը մաս է կազմում դատափորձագիտական կառույցների եվրոպական ցանցին:
-Պարոն Մելքումյան, կոնֆերանսն ի՞նչ օրակարգով էր ընթանում:
-2008թ.-ից հանդիսանալով ասոցիացիայի անդամ, առաջին անգամ այս տարվա մայիսի 4-6-ը Ավստրիայի Վիեննա քաղաքում մասնակցել եմ աշխատանքային խմբի 8-րդ տարեկան կոնֆերանսին: Հայաստանից միայն ես էի: Նշեմ, որ Հարավային Կովկասից միայն Հայաստանն էր ներկայացված: Կոնֆերանսին մասնակցում էին ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ ասոցացված այլ անդամ-երկրներ էլ՝ Ավստրալիա, Շրի Լանկա, ԱՄԷ:
Կոնֆերանսն ինձ համար ճանաչողական բնույթ էր կրում:
Տեղի ունեցան գիտական նստաշրջաններ: 26 երկրների 69 մասնակիցներ ներկայացրին իրենց զեկույցները, որոնք վերաբերում էին պայթուցիկ նյութերի հետազոտության ժամանակակից մեթոդներին, նորույթներին:
Հիմնական քննարկումները տեղի ունեցան կոմիտեի շրջանակներում:
Նախնական համաձայնություններ ձեռք բերվեցին փորձնական, գիտական աշխատանքների ուղղությամբ:
-Հայաստանի համեմատությամբ ավելի վաղ անդամակցած երկրների տարբերությունները ինչպիսի՞ն են: Շա՞տ ենք խեղճ:
-Մեր ոլորտը բավականին երիտասարդ ճյուղ է: Ընդհանուր զարգացածության մակարդակը ցածր չէ, մենք օգտագործում ենք նույն մեթոդները եւ նույն սարքավորումները, ինչը՝ զարգացած արեւմտյան, եվրոպական երկրներում:
Խոսքը ավելի ժամանակակից սարքավորումների բազայի մասին է:
-Ձեր բաժինը սպասարկո՞ւմ է պաշտպանության ոլորտին:
-Մենք համագործակցում ենք դատաիրավական մարմինների հետ, որոնց թվում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը:
Այսինքն, բոլոր այն դեպքերը, որոնք տեղի են ունենում բանակում՝ կապված պայթուցիկ նյութերի, ռազմամթերքի պայթյունների, դժբախտ պատահարների հետ: Մեզ մոտ իրականացվում են փորձաքննություններ, ինչպես նաեւ նախաքննական մարմին հադիսացող զորամասերի հրամանատարական կազմի հետ անցկացնում ենք վերապատրաստման արտագնա դասընթացներ:
-Կոնֆերանսի ժամանակ կար վիճակագրություն, թե ո՞ր երկրներն են, մասնավորապես, «անհուսալի» վիճակում:
-Աշխատանքային խումբն աշխատում է ընդհանուր մեթոդական ուղեցույցների մշակման ուղղությամբ, որոնք ընդունելի կլինեն բոլոր մասնակից պետությունների կողմից:
-Ի՞նչ կտա Հայաստանին այդ կոնֆերանսին մասնակցելը:
-Միջազգային համագործակցություն՝ համատեղ գիտամեթոդական-գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ:
Այդ ուղեցույցներից հետո կտարվի նաեւ վիճակագրական աշխատանք:
-Մենք հաճախ ենք օպերատիվ մարմիններից ստանում ինֆորմացիա՝ պայթուցիկ սարքերի, դրանց հետեւանքով տեղի ունեցած դեպքերի մասին: Ինչպե՞ս եք գնահատում վիճակը:
-ՀՀ-ում պայթյունատեխնիկական փորձաքննություններն իրականացնում են 3 փորձագիտական կառույցներ՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն, Ոստիկանության քրեագիտական վարչությունն ու ԱՆ փորձագիտական կենտրոնը:
Նշված դեպքերի հետազոտությանը մասնակցում են բոլոր նշված փորձագետները, ինչքան շուտ են դիմում փորձագետի մասնակցությանը, այնքան առավել արդյունավետ է լինում բացահայտումը: