Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-Ի ԴԵՐԸ ԿԿԱՏԱՐԻ՞ «Հ1»-Ը

Մայիս 14,2011 00:00

\"\"Հեռուստաալիքի սեփականատիրոջ համոզմամբ, ընդդիմություն-իշխանություն համագործակցության պայմաններում իր ԶԼՄ-ի կարիքն այլեւս չի լինի:

Գյումրիի անկախ հեռուստաալիքը ամեն վայրկյան փակվելու վտանգի տակ է, ուղիղ 4 օրից կլրանա հեռուստաաշտարակն ապամոնտաժելու մասին վերաքննիչ դատարանի տված ժամկետը: Մենք «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը կփոխի՞ իշխանությունների վերաբերմունքը հեռուստաընկերության նկատմամբ, չէ՞ որ «ԳԱԼԱ»-ն ինչ-որ տեղ դարձել է ՀԱԿ-ի զոհը. 3 տարի է՝ հալածվում է նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին եթեր տրամադրելու համար: «Ես պետք է չհամաձայնեմ ձեր գնահատականի հետ, ՀԱԿ-ի պատճառով չէ, որ մենք այս կարգավիճակում ենք հայտնվել: Մենք կատարել ենք մեր մասնագիտական պարտականությունները, արել ենք այն, ինչ պետք է անենք, եւ անում ենք այն, ինչ պարտավորվում ենք: Մենք պահանջատեր չենք ՀԱԿ-ից: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ստեղծված իրավիճակում ինչ կլինի, ես չէի ուզենա հեռուստաընկերության խնդիրը կապել իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ ընթացող երկխոսության հետ, որովհետեւ հեռուստաընկերությունը իրոք անկախ է, եւ չի ուզում մասնակցել քաղաքական խաղերին: Այն, որ դրանք քաղաքական խաղեր են, եւ կապ չունեն ժողովրդի իրական ցանկությունների եւ կարիքների հետ, դա միանշանակ է: Թե ՀԱԿ-ին ինչքան տեղ կտան հերթական խորհրդարանական ընտրություններին, չեմ ուզում կապել հեռուստաընկերության լինել-չլինելու հետ»,- ասաց Վ. Խաչատրյանը: Ավելին, ըստ նրա, ստեղծված պայմաններում իր ղեկավարած ԶԼՄ-ի գործունեությունն այդքան էլ «արդիական ու պետքական չէ»: «Էն պարագայում, երբ կուլիսային բանակցություններ են գնում, թե ով ինչքան տեղ է զբաղեցնելու խորհրդարանում, ում ինչքան տեղ են հատկացնելու եւ իրական լուրջ պայքար չի ընթանալու, անկախ հեռուստաընկերության առկայությունը էդքան էլ պետք չէ որեւիցե մեկին՝ ոչ իշխանությանը, ոչ էլ իրեն ընդդիմություն հռչակած ուժին»,- այս կարծիքին է «ԳԱԼԱ»-ի սեփականատերը: Ըստ պարոն Խաչատրյանի, եթե նախկինում բոլոր քաղաքական ուժերը «ԳԱԼԱ»-ի հեռուստաեթերով խոստովանում էին, որ սա միակ հեռուստաամբիոնն է, որով հնարավորություն ունեն իրենց կարծիքն արտահայտելու, ապա հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի համար հանրապետական բոլոր հեռուստաալիքները, այդ թվում «Հ1»-ը դարձել են «ԳԱԼԱ»: «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոշոր վերլուծական նյութեր եմ տեսնում, շատ լուրջ ռեպորտաժներ, ու կարծում եմ «ԳԱԼԱ»-ն իր պարտքը, այսպես ասած, կատարել է եւ մոտ ապագայում էդքան էլ իր կարիքը չի զգացվելու»,- ասում է Վ. Խաչատրյանը: Եթե մյուս հեռուստաընկերությունները ընդդիմության գործունեությունը լուսաբանելով հավասարվում են «ԳԱԼԱ»-ին, ապա ինչո՞ւ են այդքան շատ ուզում եթերազրկել անկախ ալիքը: «Սա նախադեպ է, արվում է նրա համար, որ այսուհետեւ որեւէ հեռուստաընկերություն չփորձի վերցնել անկախ լինելու ֆունկցիան, նախադեպն է կարեւոր, որպեսզի մնացածները հասկանան, եթե իրենք պատրաստ են ապահովել անկախ լրատվություն, ուրեմն իրենք պետք է աշխատեն առանց գովազդի, առանց ֆինանսական հոսքերի, իրենց լիցենզիայից պետք է զրկեն, իրենք պետք է ներքաշված լինեն մի քանի դատական քաշքշուկների մեջ, իրենք պետք է ծախսեն բավականին լուրջ գումարներ, որպեսզի պահեն, ապահովեն իրենց գործունեությունը: Ազատ, անկախ լինելը փող արժե»,- թվարկում է Վահան Խաչատրյանը: Ի դեպ, նա 3 տարի անընդմեջ հալածվելով՝ այն համոզմանն է եկել, որ իշխանությունների կռիվը ոչ թե հեռուստաընկերության հետ է, այլ անկախ ու անկանխատեսելի լինելու երեւույթի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել