Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

Մայիս 14,2011 00:00

Երեկ «Մայր եւ մանուկ» հասարակական կազմակերպությունը, որի անդամներն են Հայրենական պատերազմի տարիներին մանկատներում մեծացած սաները, միջոցառում էր կազմակերպել Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին մեկ տասնյակից ավելի վետերաններ: Նրանք ցավով նշեցին, որ տարեցտարի իրենց թիվը նվազում է, իսկ իրենք այդպես էլ պետության կողմից պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում: Վետերանների խոսքերով՝ մայիսի 9-ը ամենաուրախալի տոներից է, երբ անգամ ինքնազգացողության վատթարացման դեպքում էլ անպայման գնում են Հաղթանակի այգի: Սակայն այս տարի նրանք մի փոքր վրդովված են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չայցելեց իրենց: «Մենք շատ-շատ նեղացած ենք, մինչ Ղարաբաղ մեկնելը, հանրապետության նախագահը գոնե գար մեզ մի երկու տողով շնորհավորեր: Օրինակ՝ անցյալ տարի եկել էր»,-ասաց հ/կ-ի նախագահ Ամալյա Ասոյանը: Նրա խոսքերով՝ «Եթե տեսնեմ Սերժ Սարգսյանին, անպայման ասելու եմ, որ մենք վրդովված ենք, սա այն հաղթանակն է, որ մենք էլ էինք արժանի շնորհավորանքի: Ես հիշում եմ՝ փոքրիկ երեխա էի, Հաղթանակի կապակցությամբ Ստալինը պիտի խոսեր ու ռադիոյով ուղիղ եթեր հեռարձակեին, ռադիոյի մոտ հպարտ ու զգաստ կանգնած լսում էինք հաղթանակի շնորհավորանքները: Ու մինչեւ հիմա նույն զգացողությունն ենք ապրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել