Փոխարենը գոհ է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը
«Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրի շրջանակներում, երեկ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կազմակերպել էր «կլոր սեղան»-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին խնամքի հաստատությունների բեռնաթափման իրականացմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքները:
Քննարկմանը ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին պարզապես հունից հանեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրիի՝ ելույթում հնչած այն դիտարկումները, թե ՀՀ կառավարությունը, որը որդեգրել է մանկատները բեռնաթափելու քաղաքականությունը, այսօր կրկին շարունակում է պետական հիմնական միջոցներն ուղղել մանկատներին: Սրան ի պատասխան, պարոն Բերիկյանը հակադարձեց, որ հենց ՅՈՒՆԻՍԵՖ-ի անգործության պատճառով մանկատների բեռնաթափմանն ուղղված պետական շատ ծրագրեր վերջին 2-3 տարվա ընթացքում տապալման եզրին են եղել, սակայն, բարեբախտաբար, այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ շարունակվել են եւ բարեհաջող ընթացք ստացել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կատարվող մի քանի ուսումնասիրության, որոնք ժամանակին չեն արվել, բացի այդ, դրանց համար արված ծախսերն էլ անարդյունավետ են եղել: Միջոցառմանը հրավիրված ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը կատակեց՝ Վերահսկիչ պալատին ուղարկենք՝ թող ՅՈՒՆԻՍԵՖ-ում ստուգումներ անցկացնի:
Փոխնախարարի ելույթից հետո, տիկին Մոշիրին խորհուրդ տվեց «անձնական հարձակումներ չանել» եւ քննարկել այնպիսի թեմա, որը կնպաստի ծրագրի իրագործմանը: Տիկին Մոշիրիի համոզմամբ, երեխային ընտանիք տեղափոխելու համար նախեւառաջ քաղաքական եւ հասարակական կամք է պետք: Նա առաջարկեց երեխային ընտանիք տեղափոխելու համար «Մաստեր ծրագիր» կազմել, որտեղ ամենայն մանրամասնությամբ նշված կլինեն բոլոր քայլերը:
Մասնագետների հաշվարկները ցույց են տվել, որ երեխային խնամատար ընտանիք տեղափոխելը ձեռնտու է թե՛ բարոյապես, թե՛ տնտեսապես: Մանկատանը կամ որեւէ այլ հաստատությունում 1 երեխայի խնամքի համար պահանջվում է տարեկան $3800, խնամատար ընտանիքում՝ $2800:
Անդրադառնալով Ֆ. Բերիկյանի ելույթին, տիկին Բախշյանն իր անհամաձայնությունը հայտնեց այն մտքին, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը անարդյունավետ է աշխատում. «Մեր պետությունն ինքն է պարտավոր հոգալ մեր երեխաների հետ կապված խնդիրները եւ եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է օգնել, թե ինչպես պետք է արդյունավետ կառավարել գումարները, ապա պետք է շնորհակալ լինել: Ես գիտեմ, թե մանկատանը գտնվող 1 երեխայի համար տարեկան ինչ հսկայական գումար է հատկացվում, եւ պարզ է դառնում, թե ինչու են մանկատան տնօրենները այդպես շահագրգռված, որ մանկատները լինեն, քանի որ պետության գումարները յուրացվում են, կոռուպցիա կա: Այդ պատճառով էլ մանկատան դռները փակ են եւ շատ դժվար է այնտեղ մուտք գործել»: Տիկին Բախշյանն իր խոսքն այսպես ամփոփեց՝ «Այնպես որ, շնորհակալություն Լեյլա (նկատի ունենալով Լեյլիին- Լ. Բ.) ջան, շնորհակալություն, որ մեզ աջակցում եք»: Տիկին Բախշյանի խիստ գնահատականին ի պատասխան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն ասաց, որ մանկատան դռները միշտ էլ բաց են եւ վերջին անգամ այդ հաստատություններում անցկացրած ստուգումները ոչ մի բացասական արդյունք չեն տվել: Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ պետության նպատակն ավելի շատ երեխային ոչ թե խնամատար ընտանիք վերադարձնելն է, այլ՝ կենսաբանական, որի արդյունավետությունն ավելի մեծ կլինի: