Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՀԱՑԻՆ «ԿԱԿԱ» ԵՆ ԱՍՈՒՄ

Մայիս 14,2011 00:00

ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ մեր պետությունը խախտում է ՀՀ Սահմանադրությունը

\"\"

Սահմանադրությամբ ամրագրված է, որ «պետությունը պետք է ապահովի տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը»: Մինչդեռ ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ ՄԱԿ-ի կատարած հետազոտություններից ակնհայտ է դառնում, որ մեր մեծահասակները սննդի, փողի, դեղի ու անգամ հագուստի կարիք ունեն, իսկ պետությունից ակնկալվող խնամքն ու հոգացությունը թոշակառուներն այդպես էլ չեն ստանում: Թոշակառու տղամարդիկ, չկարողանալով իրենց գոյությունը պահել, վարձու աշխատողներ են դարձել, այն էլ՝ ոչ պայմանագրային հիմունքներով: ՄԱԿ-ը նկատել է, որ անգամ 75-ն անց տղամարդը ուզում է որեւէ աշխատանք գտնել, այն դեպքում, երբ այդ տարիքում նա պետք է պարզապես նստեր ու վայելեր իր ծերությունը: 70-74 տարեկան տղամարդկանց 17 տոկոսը ակտիվ աշխատանք է փնտրում՝ սննդի, կենցաղային մանր խնդիրները հոգալու համար: Ընդհանուր առմամբ, պատկերն այս է՝ 1 շնչին բաժին ընկնող եկամուտը չի համընկնում նվազագույն սպառողական զամբյուղին: Մեծահասակների գրեթե 28%-ը ընկած է ծայրահեղ աղքատության գծից էլ ցածր խմբում, 49%-ը աղքատության գծից ցածր է, իսկ 73%-ի համար սպառողական զամբյուղը ապահովված չէ, միջին խավ է 22%-ը, համեմատաբար հարուստ՝ 5 %-ը, դա էլ երեւի պատգամավորների, պաշտոնյաների թոշակառու ծնողներն են: Մեր հանրապետության թոշակառուների գրեթե կեսը հացի, սննդի կարիք ունի, հատկապես՝ տղամարդիկ: Մեծահասակները, որոնք պետք է հագուստի հարցում քիչ պահանջկոտություն ունենային, էլի չեն կարողացել չնշել, որ ունեն շորի կարիք:
Բնակարանային պայմանները համարվում են բարեկեցության կարեւորագույն ցուցանիշ: Խորհրդային միությունից դեռեւս գոյություն ունեն բնակսանիտարական նորմաներ, ըստ որի՝ այն 1 շնչի հաշվով 9 քմ պետք է լինի: Ըստ ուսումնասիրությունների, 50-ն անց մարդկանց միայն 8 տոկոսն է ապրում այդ նորման գերազանցող պայմաններում: Մնացած դեպքերում կամ բնակտարածքը չի բավարարում, կամ այն խիստ անբավարար է:
Անգամ այն ընտանիքները, որոնց յուրաքանչյուր անդամ 18 հազար դրամի չափով եկամուտ է ստանում, ապրում է բնակարանային վատ կամ ծանր պայմաններում եւ հույս էլ չկա, որ երբեւէ կբարելավվեն այդ պայմանները: Ուստի այն թոշակառուները, որոնց ընտանիքներում ամիսներով փող չի մտնում, որոնք հացը, աղն ու շաքարավազը «գրովի ու նիսյա» են առնում, ընդհանրապես ակնկալիքներ չունեն:
Կենսաթոշակառուների 67.1 տոկոսը զուգարան եւ լոգարան չունի բնակարանում, կան ընտանիքներ, որ չունեն ննջարաններ, չունեն բաց ու փակ պատշգամբ կամ նախասրահ: 6-8 անդամից բաղկացած շատ թոշակառուների ընտանիքներ ապրում են 10-15 քմ տարածքում, շատերն ընդհանրապես բնակարան կամ տուն չունեն, ապրում են ժամանակավոր կացարաններում կամ 3-րդ, 4-րդ կարգի վթարային տներում: Ընտանիքների 25 տոկոսը դրսի զուգարան ունի, որը թոշակառու մարդու համար մեծ դժվարություններ է ստեղծում՝ բնական կարիքները հոգալու համար:
Ծերերը նշել են, որ իրենք, նյութական կարիքներից զատ, շատ են զգում հոգեբանական, բարոյական աջակցության կարիք: Թոշակառուներին պետության փոխարեն տնային սպասարկում, խնամք կամ այլ տիպի սոցիալական ծառայություններ մատուցում են հիմնականում բարեկամները, հարեւանները:
Մեր տատիկներն ու պապիկները նաեւ դժգոհել են, որ ընտանիքում եւ շրջապատում իրենց կարծիքը հաշվի չեն առնում, չեն տանում իրենց միջոցառումների ու հավաքույթների: ՄԱԿ-ը գտել է, որ հայ ավանդական ընտանիքներում գլխավորի դերակատարման հարցում զգալի փոփոխություններ են եղել՝ եվրոպական արժեքների ներթափանցման արդյունքում: Ծերերն արդեն թերարժեքության զգացում ունեն եւ իրենց բեռ են զգում այս երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել