Երեւանի քաղաքապետարանում քաղաքացիների կողմից ստացված բողոքների, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի զեկուցագրի համաձայն՝ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից երեկոյան ժամերին որպես փոխադրավարձ ուղեւորներից գանձվել է 200 դրամ:
Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ թիվ 69 երթուղին սպասարկող ընկերությունը խախտել է Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է երթուղին սպասարկել դեղին հիմնագույնի պետհամարանիշներով միկրոավտոբուսներով եւ երթուղին սպասարկել է չհայտագրված փոխադրամիջոցներով։ Արդյունքում՝ Երեւանի քաղաքապետի որոշմամբ ս.թ. մայիսի 20-ից լուծված են համարվում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, եւ վերջիններս նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից։ «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հանձնարարվել է մինչեւ նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, թ. 76 եւ 69 երթուղիներում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ: