Մայիսի 13-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում Թուրքիայից եւ Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Հանձնաժողովից խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ հաղորդագրությունից, որում ասվում է, որ Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին եւ լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին: Ելնելով գործի հասարակական հնչեղությունից եւ կարեւորությունից՝ ՏՄՊՊՀ-ն որոշեց մեկ անգամ եւս ընդառաջել «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» եւ «ՍՕՀՕ» ընկերությունների ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել շուկայում գործող վերոնշյալ 4 ընկերությունների հանդեպ:
Սակայն ՏՄՊՊՀ-ի բարեհոգության լիմիտը այդքանով սպառվեց: «Ալեքս գրիգ» ընկերությունը տուգանվեց՝ պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար:
Մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում Հանձնաժողովը, ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել նաեւ «Ալեքս գրիգ» ընկերությունից: Սակայն պահանջված տեղեկատվությունը մինչ օրս ՏՄՊՊՀ-ին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը եւ նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը: Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգը» տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: