Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնիկան վառվել է

Մայիս 14,2011 00:00

Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի թվով 11 բնակարանների տեխնիկան օրերս տեղի ունեցած էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով վառվել է: Օրինակ, այս փողոցի թիվ 42 տանը վառվել են հեռուստացույցը, սառնարանը, ջրատաքացուցիչ կաթսան ու համակարգիչը: Տանտերերը այդ տեխնիկայի վերանորոգելու գինը պարզելու համար մասնագետ են կանչել եւ տեղեկացել, որ միայն ջրատաքացուցիչ կաթսան վերանորոգելու համար անհրաժեշտ է 110 հազար դրամ, հեռուստացույցի եւ սառնարանի համար՝ մոտավորապես 30 հազար դրամ, իսկ համակարգչի համար պետք է եղել այլ մասնագետի այց: «Երեկոյան 8-ն անց կես, 9-ի կողմերն էր, երբ ամենից շատ էլեկտրական պարագաներ են միացված լինում: Թեթեւ քամի էր այդ ժամանակ, իսկ մեր փողոցի էլեկտրասյան վրայի լարերը հին են եւ կախ ընկած, ուստի օրորվում էին քամուց, մասնագետն ասաց, որ հենց այդ օրորվելու ժամանակ էլ «ֆազն ու նոլը» կպել են իրար եւ առաջացրել այդպիսի տատանումներ: Դրանից հետո մոտ 4 ժամ մենք լույս չենք ունեցել: Պարզ է, որ խոշոր վթար էր եղել: Չնայած լույս արդեն չկար, բայց մեր համակարգիչը շարունակում էր ծուխ արձակել: Երբ վերջապես լույս ունեցանք, պարզվեց, որ վնասներ ենք կրել ոչ միայն մենք, գրեթե բոլոր հարեւանների միացրած տեխնիկան վառվել է»,- պատմում էր թիվ 42 տան բնակիչ տիկին Սվետան: Այս փողոցի բնակիչներից ամեն մեկը կրել է 30-150 հազար դրամի վնաս, որը, ըստ էության, պետք է փոխհատուցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ հավուր պատշաճի սպասարկում չիրականացնելու համար:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է, արդյոք, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Սուվորովի փողոցի տուժած բնակիչներին վառված տեխնիկայի համար փոխհատուցում տալ, ընկերությունից պատասխանեցին. «Եթե ապացուցվի, որ մեղքն իսկապես մեր ընկերությանն է, ապա այդ բնակիչների տեխնիկան կփորձենք վերանորոգել: Դա իրականացնում է «Հրայր» ՍՊԸ-ն: Իսկ եթե անհնար լինի այդ ապրանքները վերանորոգել, մեր ընկերությունը պարտավորվում է դրանք փոխարինել նորով: Ուսումնասիրություն սկսելու համար այդ փողոցի բնակիչներն ուղղակի պետք է դիմեն մեր տարածքային մասնաճյուղ եւ այնտեղ դիմում գրեն տեղի ունեցածի վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել