Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ՏԱՆԿԻ ՏԱԿՈՎ ԱՆՑԱԾ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ Է»

Մայիս 14,2011 00:00

Կարծում է «Անտարես» հրատարակչության տնօրենը

Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների համար օրենսդրական մակարդակով չկան հավասար մրցակցության պայմաններ: Այս կարծիքին է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Օրենքը նախատեսում է, որ մեկը ավելի լավ պայմաններից օգտվի, մյուսն՝ ավելի վատ: Չգիտես ինչու, տուփ արտադրողը շատ ավելի լավ պայմաններում է գտնվում, քան գիրք արտադրողը»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց պարոն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, պետությունը առնվազն մեկ տարով հետաձգել է փաթեթավորման համար նախատեսված բոլոր սարքավորումների ավելացված արժեքի հարկի վճարումները, բայց գրքի բնագավառը կրկին մոռացվում է. «Գրքի արտադրության բնագավառում ոչ մի սարքավորում չի ազատվում կամ հետաձգվում հարկերի վճարումներից: Այս բնագավառում չկա ոչ մի արտոնություն: Սա ցույց է տալիս, որ գիրքն այսօր ոչ ոքի չի հետաքրքրում, գրքի սարքավորումն էլ ոչ ոքի մտքով չի անցնում, որ ազատի հարկից: Գիրք չեն կարդում, գիրք արտադրողներն ուժեղ չեն, լոբբիստական գործիքներին չեն տիրապետում։ Ստացվում է՝ միշտ էլ թույլն է մեղավոր»: Մեր զրուցակցի խոսքով, մաքսային օրենսգրքի փոփոխություններն էլ հստակ ցույց են տալիս, որ այն լոբբիստական տանկի տակով անցած օրենսդրություն է. «Այսինքն՝ գրվել են օրենքներ, որոնք արտոնություններ են սահմանում լուրջ խտրականությամբ՝ կոնկրետ սարքավորումների կամ կոնկրետ ծառայությունների համար: Օրինակ՝ պետությունը ավելացված արժեքի հարկից պաշտպանում է զուգարանի եւ համանման թուղթ արտադրողին, բայց ինչո՞ւ է սարքը ներկրողին ստիպում վճարել ավելացված արժեքի հարկը: 2002 թվականին էլ նույն բանը կասեի, այսօր էլ նույն բանն եմ ասում: Մաքսային օրենսգիրքը թերի է ու պետք է փոխվի՝ տնտեսվարողների համար հավասար պայմաններ առաջարկելով»: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, գրքի նկատմամբ անտարբերությունը բերել է նաեւ ընթերցանության մակարդակի կտրուկ նվազմանը. «Աշխարհում նվազել է ընթերցանության մակարդակը 1%-ով, իսկ Հայաստանում՝ 92%-ով: Աշխարհում պարզապես նվազում է, մեզ մոտ՝ իսկական աղետ»: Ըստ նրա, գրքի վաճառքն անշահութաբեր բիզնես է համարվում, ու այդ է պատճառը, որ Հայաստանում չկան գրախանութներ. «Հայկական գրքեր կարելի է գտնել գրենական պիտույք վաճառող խանութների գրքի բաժիններում կամ ռուսական գրականություն վաճառող ձեռնարկություններում, որտեղ ներկայացված է հայկական վատ պատկերազարդումով գրականություն: Այն, ինչ ցանկանում է մեր սպառողը, չենք հասցնում արտադրել, բայց ինչո՞ւ չենք հասցնում, որովհետեւ այդ սպառողները 100 հոգի են, ու այդ պահանջարկով գիրք արտադրելն էլ շահութաբեր չէ: Այսօր ունենք, գործում են մի քանի տասնյակի հասնող գրադարան, այն դեպքում, երբ 1400 գրադարան ունենք թղթի վրա»: Ըստ պարոն Մարտիրոսյանի, Սլովենիայում գրքի միջին տպաքանակը 5000 է, իսկ Հայաստանում՝ 100-200. «Եթե այդ 1400 գրադարանի գոնե կեսի կեսը ռեալ գործեր, ու տարեկան գրքի մի օրինակ գնեին, ձեռնտու կլիներ արտադրելը: Բայց սա գրադարանի խնդիրը չէ, որովհետեւ գրադարան կա, որ տարեկան 40.000 դրամ բյուջե է ստանում, ո՞նց լուծի այդ հարցը»:
Ինչ վերաբերում է 2012-ին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ դա լոբբիստական հաջող աշխատանքի արդյունք է, բայց. «Դրա տակից դուրս գալ է հարկավոր: Պետք է օլիմպիական խաղերի նման նախապատրաստվեինք, մեզ մոտ պետք է ծլեին-ծաղկեին գրախանութները, գրադարանները մեկը մյուսից նոր գրքերով համալրվեին, ընթերցողական ակումբներ ստեղծվեին, բայց ոչ մի շարժ չի նկատվում: Վախենամ, որ գրքի մայրաքաղաք հռչակելը վերածվի ուտուշ-խմուշի ու ավարտվի գրքի կենացով»:
Ի դեպ, «Առավոտ» օրաթերթի 11.05.2011 թվականի «Թղթի ապօրինի ներմուծումը նոր թափ է առնում» հրապարակման վերաբերյալ Ա. Մարտիրոսյանը պարզաբանեց, որ «այլ ապրանքատեսակների» անվան տակ թղթի ներկրման կասկածներն ունեցել է 2 տարի առաջ: Ինքը համաձայն չէ հրապարակման վերնագրի հետ, որովհետեւ կարծում է, որ ներկրումը կատարվում է ոչ թե ապօրինի, այլ օրենքով ամրագրված դրույթների շրջանակում: Նա հստակեցրեց, որ թղթի ներմուծման ոլորտում արտոնություններ է սահմանվել ոչ թե տնտեսվարողների, այլ այն ապրանքատեսակների համար, որոնք խոշոր տնտեսվարողներն են օգտագործում: Ինչ վերաբերում է իր այն պնդմանը, թե որոշ հաշվարկների համաձայն՝ Հայաստանը 4 անգամ կարելի է ծածկել պոլիէթիլենային հումքով, պարոն Մարտիրոսյանը պարզաբանեց, որ խոսքը կրկին 2 տարի առաջվա մասին էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել