Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՅՈՒՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵ՞Լ ԵՆՔ

Մայիս 14,2011 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2010 թվականի բյուջեի կատարողականը՝ անցած տարին բնորոշելով «կայուն վերականգնման տարի»: «2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգնման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ եւ հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ասել է վարչապետը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Տիգրան Սարգսյանի այս բնորոշմանը ռադիոկայանի հետ զրույցում այսպես է հակադարձել. «2009-ին աշխարհի տնտեսությունը անկում ապրեց 1.7 տոկոսով, 2010-ին աճեց 4.2 տոկոսով: Հայաստանի տնտեսությունը 2009-ին անկում ապրեց 15 տոկոսով, 2010-ին Հայաստանի տնտեսությունը աճեց ընդամենը 2 տոկոսով: 15 տոկոս կորցրել են, դրանից 2 տոկոսը հետ են բերել: Մենք շարունակում ենք աշխարհի համեմատ հետ գնալ: Ո՞րն է կառավարության քաղաքականությունը եղել, որը, իբր թե, բերել-կայունացրել է վիճակը»: Տիգրան Սարգսյանը հրապարակել է նաեւ 2010 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները. «Համախառն ներքին արդյունքի աճը ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն կազմեց 2.1 տոկոս: Արդյունաբերությունում մենք արձանագրեցինք 10.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում՝ 13.6 տոկոս աճ, հանքարդյունաբերությունում՝ 19.1 տոկոս աճ»: Հրանտ Բագրատյանը զայրացել է. «Ի՞նչն են գովում Հանրապետական կուսակցությունն ու Տիգրան Սարգսյանը: Ստում է վարչապետը: Ստում է, որովհետեւ իրական ձեւը չի ասում: Հանքարդյունաբերությունում անկումը եղել էր 32 տոկոս,… ի՞նչ աճի մասին է խոսքը: Էքսպորտի վրա աճող ճյուղերում նաեւ գները… 2010-ին պղնձի եւ մոլիբդենի միջին գներն ավելի բարձր են, քան մինչեւ ճգնաժամը. այդ պայմաններում մենք դեռ մի 20 տոկոս հեռու ենք նախաճգնաժամային մակարդակից: Սա պետք է մտահոգի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել