2004-ի ապրիլի 12-ի գիշերը «Հանրապետության» գրասենյակից առգրավված տեսախցիկն իրավապահները տիրոջը չեն վերադարձնում:
2004 թվականի ապրիլի 12-ի գիշերը, հայտնի դեպքերից հետո, ի թիվս այլ իրերի, «Հանրապետություն» կուսակցության գրասենյակից առգրավվել էր լրագրող Կարապետ Խաչատրյանին պատկանող տեսախցիկը, որը վարձակալությամբ էր վերցված Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանից: 1994 թվականից սկսած՝ Կարապետ Խաչատրյանը մշտապես նկարահանել է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքները, երթերը, ընտրական տարբեր հանդիպումները եւ համագործակցել է տարբեր հեռուստաընկերությունների հետ: 2004-ի ապրիլյան իրադարձությունների արդյունքում լրագրողը, փաստորեն, հայտնվել է մեղմ ասած՝ անհարմար դրության մեջ: Բացի նրանից, որ նա կորցրել է իր աշխատանքային գործիք տեսախցիկը եւ, փաստորեն, հետագա աշխատանքի հետ կապված խնդիրների առջեւ կանգնել, տեսախցիկը նաեւ վարձակալությամբ էր վերցված, այսինքն՝ իրեն չէր պատկանում, եւ հիմա նա պետք է փոխհատուցի նաեւ տեսախցիկի համար: 2004-ի ապրիլի 12-ին էլ մինչեւ կեսգիշերն անց նա նկարահանել է տեղի ունեցող իրադարձությունները, սակայն քանի որ տեսաերիզն ավարտվում էր եւ նաեւ տեսախցիկը լիցքավորելու կարիք կար, այն թողել էր «Հանրապետության» գրասենյակում՝ չպատկերացնելով, որ այդ անմեղ արարքը նրա համար ոչ միայն ճակատագրական կարող է դառնալ, այլեւ գլխացավանք: «Անհետացումից» մոտ մեկ ամիս հետո տեսախցիկը գտնվում է: Կարապետ Խաչատրյանին «Հանրապետությունից» տեղեկացնում են, որ տեսախցիկն իրենց գրասենյակից առգրավված այլ իրերի հետ իրավապահների մոտ է: Խաչատրյանն անձամբ ոստիկանություն չի դիմում, կարծելով, որ տեսախցիկը կվերադարձվի «Հանրապետության» իրերի հետ: Բայց տեսախցիկն այդպես էլ մինչ օրս տիրոջը չի հասել: Այս տարիների ընթացքում Խաչատրյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների երկու պաշտպաններին էլ, բայց նրա դիմումները չեն ընդունվել ժամանակային առումով ուշացած լինելու համար: Ըստ օրենքի, Խաչատրյանը կարող էր դիմել մեկ տարվա ընթացքում: Նա նաեւ քանիցս դիմել է «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանին՝ «Եթե տեսախցիկս չեն կարողանում վերադարձնել, գոնե հատուցեն դրա արժեքը, որպեսզի ես կարողանամ ձեռք բերել նորը եւ աշխատել»: Ի դեպ, Խաչատրյանն ընտանիքի միակ աշխատողն է եւ 82-ամյա հիվանդ մայր ունի:
«Առավոտը» փորձեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից ճշտել՝ ի՞նչ ճակատագրի է արժանացել Խաչատրյանի տեսախցիկը: Նա ասաց, որ ի թիվս կուսակցության գրասենյակից անհետացած մյուս իրերի, խնդրո առարկա տեսախցիկը նույնպես «անցավ» սկսված դատական գործընթացով՝ հասնելով մինչեւ Եվրոպական դատարան: ԵԴ-ն, ինչպես հայտնի է, այս գործի առիթով ՀՀ կառավարությանն ուղղած իր հարցերի պատասխանները ստանալուց հետո դադարեցրեց դիմումի հետագա քննարկումը: Կառավարությունը ԵԴ-ի հարցերին ի պատասխան ասել էր, որ գործընթաց է գնում: Ավելի ուշ, այդ առիթով հարուցված քրեական գործը կարճվեց: «Դատախազությունն ու ոստիկանությունը, փաստորեն, անգործություն ցուցաբերեցին: Հիմա հեռանկար չկա այդ օրը կուսակցության գրասենյակից անհայտացած եւ ոչ մի իրի մասով»,- ասաց Արտակ Զեյնալյանը: