Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՇ ՊՈԼԻՏԻԿԱ» ԵՎ ՌԵԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիս 14,2011 00:00

\"\"Թուրքական «Taraf» օրաթերթի սյունակագիր Մարգար Եսայանը առանց ղարաբաղյան հարցի լուծման հայ-թուրքական հարաբերություններն ու սահմանի բացումը ապագայում հնարավոր է համարում:

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները երրորդ երկրի հետ կապելով եւ չվավերացնելով հայ-թուրքական արձանագրությունները՝ իրականում շատ գեշ պոլիտիկա ընտրեց»,- երեկ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքական «Taraf» օրաթերթի սյունակագիր, գրող Մարգար Եսայանը: Նա նաեւ հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին վարչապետ Էրդողանի ղեկավարած AKP-ի կողմից նախապես հայ թեկնածու էր առաջադրվել: Ըստ Մ. Եսայանի, Հայաստանը Թուրքիայի հետ բանակցություններից հոգնելու ու խաբված զգալու իրավունք ունի, բայց գտնում է, որ քաղաքականության մեջ պետք է ռեալիստ լինել. «Այստեղ Թուրքիային վստահելու կամ չվստահելու հարցը չէ: Հայաստանի համար սահմանը բանալը անպայման պետք է, բայց առանց նախապայմանների: Հայաստանը, զգացումներից հեռու մնալով, պետք է իր շահերից բխելով քայլեր ձեռնարկի: Թուրքիան էլ պետք է ջանա նորից թեստ անել: Չենք կարող ասել, որ Թուրքիայի հետ հարաբերություն չենք կարող ունենալ, որովհետեւ ասոնք սատանա մարդիկ են»: Մ. Եսայանի կարծիքով՝ արձանագրությունների տապալման հիմնական պատճառն Ադրբեջանի ճնշումներն էին: «Այդ երկիրը Թուրքիայում մեծ ուժ ունի: «Էրգենեկոնի» հարցի մի լուրջ կողմն էլ Ադրբեջանի մեջ է, եւ դա եւս ազդեցություն ունի, կան նաեւ նավթի, գազի հարցեր, այս ամենը քով քովի եկավ, եւ Թուրքիան մտածեց՝ այսքան ժխտական բանի կողքին Հայաստանի հետ սահմանը բացելով, մեծ բան մը չպիտի շահենք: Ես քվե, պետրոլ, գազ պետք է կորսնցնեմ, ինչ է թե՝ պզտիկ երկրի հետ հարաբերություն ունենամ, չնայած սիմվոլիկ գործոնը մեծ է: Եթե Թուրքիան այդ խնդիրը լուծի, շատ մեծ պրեստիժը կա, բայց այդ դեմոկրատիկ քաջությունը չկրցավ ընել»,- մեզ հետ զրույցում նշեց նա: Հարցին՝ առանց ղարաբաղյան հարցի լուծման հնարավոր համարո՞ւմ է հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերություններ ունենալը, Մ. Եսայանը պատասխանեց՝ այո՛, որովհետեւ վստահ է, որ Արցախի հարցը դժվար թե մոտ ժամանակներս լուծում ստանա, իսկ Թուրքիան էլ գիտի, որ Կիպրոսի, հայկական, քրդական եւ այլ խնդիրներով չի կարող ավելի ուժեղ, ժողովրդավարական երկիր կառուցել, Եվրամիությանը անդամակցել եւ այլն: Մեր զրուցակիցը ենթադրում է, որ հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական սահմանի բացման հարցին Թուրքիան նորից կանդրադառնա. «Ընտրություններեն վերջը, եթե AKP-ն կարողանա 150% քվե առնի, անկե վերջը նորից պետք է հանգստանան, եւ քուրդի եւ հայի հարցը նորեն կվերադառնա: Անձամբ AKP-ի այս քաղաքականությունը չեմ հավանում, բայց հասկանում եմ: Թուրքիան վերջին տասը տարվա մեջ բավական փոխվեց, Թուրքիայի մեջ ռեժիմը կփոխվի: Ես հոս ծնած եմ, մենք ինչ գեշ օրեր անցուցինք հոս, մեր հայ ըլլալն անգամ չէինք կարող ըսել, սաստիկ ճնշումի տակ էինք, հիմա ես կգրեմ ամեն բան, հեռուստատեսությամբ ելույթներ կունենամ: Դեմոկրատիկ քայլ մը նետված է, եւ ասիկա արժեքավոր բան մե, որովհետեւ գիտեն, որ տնտեսապես եւ քաղաքական առումով հզոր լինելուց բացի՝ կարեւոր է դեմոկրատ լինելը»:
Նրա փոխանցմամբ, Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը պրագմատիկ, դեռեւս ոչ ժողովրդավար, բայց ապագայում այդպիսին լինելու մտադրություն ունեցող կուսակցություն է: Ըստ նրա, Թուրքիայում այսօր շատ են ազգայնականները, ինչի պարագայում, չնայած ցանկությանը, հայկական հարցը լուծելը դյուրին չէ. «Թուրքիայի կառավարությունը սխալ է վարվել, որ մինչեւ այժմ ունի հայկական, քրդական, ալեւիների հարց, բայց հայերի եւ քրդերի վերաբերյալ բոլոր նախաձեռնությունների դեմ խորհրդարանի մնացած կուսակցությունները բավականին զորավոր, գեշ լեզվով բողոքեցին, որից Էրդողանը վախեցավ: Մյուս կողմից, դեմոկրատ լինել կուզեն, բայց նաեւ թուրք են եւ ազգայնամոլ»:
Ինչ վերաբերում է հունիսին կայանալիք ընտրություններին ոչ մի հայ թեկնածու չառաջադրվելուն, Մ. Եսայանը գտնում է. «Ասիկա մեծ ամոթ է Թուրքիայի համար, այս ընտրություններու կսպասեինք, որ մեկ-երկու հայ պետք է մտներ խորհրդարան: Հայ թեկնածու ունենալը պրեստիժ պետք է լիներ, բայց անոր քաջությունը տակավին չունին: AKP-ն ասիկա անել կուզեր, բայց այս ընտրությունները բավական սուր կերթան՝ ազգայնամոլական գաղափարախոսությամբ: AKP-ի ամենամեծ հանցանքը սա է, ազգայնամոլությունեն չի կրնա ազատիլ եւ կվախնա, որ ժողովուրդեն քվե պիտի կորսունցնե, եթե հայ մը թեկնածու անցուցնե: Եթե թեկնածու լիներ, շատ լավ բան մը կլիներ, թուրքերը մեզ պարտք ունեն անցյալեն, որովհետեւ եթե մենք այսքան նվազել ենք Թուրքիայի երեսեն, նրա որդեգրած գաղափարախոսության պատճառով այս օրերուն հասանք»: Հետաքրքրվեցինք՝ եթե հանդես գար որպես պատգամավոր, հայ hամայնքի ո՞ր առաջնահերթ խնդիրների մասին կբարձրաձայներ Թուրքիայի խորհրդարանում: Նրա փոխանցմամբ, Պոլսի hայ համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի: Նա ցավալի է համարում այն, որ շատ հայեր ձանձրացած են ու զզված եւ չեն էլ ուզում, օրինակ, թերթ կարդալ. «Նրանք ծանր օրեր են տեսել եւ միշտ Թուրքիայից գնալու միտք են ունեցել: Մեր համայնքն էլ ճնշումի տակ չկարողացավ իր արժեքները պահել: Այժմ Թուրքիայում կատարվող փոփոխություններից պետք է օգուտ քաղենք եւ ետ չմնալու ուժը գտնենք, որովհետեւ հազարավոր հայեր են այստեղ ապրում, մեր զավակներն այստեղ են, արժեքներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ կան, եւ պետք է դրանց համար աշխատենք: Արգելքներ պիտի ըլլան, բայց մեր իրավունքները պաշտպանելուն այժմ ավելի մոտ ենք»: Ըստ նրա, հայերը իրենց խնդիրներն ունեն, բայց Թուրքիայի համար կարեւորը դեմոկրատացումն է. «Անոր համար որքան որ Թուրքիան դեմոկրատ ըլլա, արդեն փոքրամասնությունների խնդիրները կլուծվին: Օրինակ՝ հայկական դպրոցներ ունենք, որտեղ 50 տարուց ավելի է՝ տնօրենը, փոխտնօրենը թուրք են, ինչը միտումնավոր է՝ հայերին վերահսկելու համար»: Նրա խոսքով, Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդ լինելը վատ է անդրադառնում հայ համայնքի վրա. «Անցյալում մենք Հրանտներ (նկատի ունի Հրանտ Դինքին- Լ. Խ.) ունեինք, բայց ամեն ինչ արգելված էր, չէինք կրնա անել, հիմա ազատ է, մարդ չկա, Արամ Աթեշչյանը գեշ պոլիտիկա կընե, կսպասենք, որ նոր պատրիարք ընտրենք»: Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում ապրող հայերի ապագան ավելի փայլուն է տեսնում. «Այս վերջին տասը տարվա մեջ ժողովրդի մեջ Ցեղասպանությունը օրեցօր ընդունողների թիվը կավելանա, նույնիսկ ազգայնամոլները կընդունեն, որ հայերի նկատմամբ ինչ-որ բաներ եղած են: Մի տասը տարվա ընթացքում թուրք հասարակությունը կընդունի Ցեղասպանությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել